Օսկանյան. Ե՞րբ է կուտակվել 300 մլն պարտքը
«Մենք միասին աշխատել ենք նախարար տարիներին և նաև դժվարություններով ենք անցել: Բայց քաղաքական գործիչների մոտ կա մի սկզբունք` հնարավոր է իրականությունը չասել, բայց պետք չի ստել: Ես ինձ խաբված եմ զգում` որպես պատգամավոր, բայց հատկապես որպես ՀՀ քաղաքացի»,- ԱԺ-ում դիմելով Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին հայտարարեց ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը և պարզաբանեց, թե ինչու է իրեն խաբված:
«Ինչո՞ւ, որովհետև այս ամբիոնից դուք բազմիցս հերքել եք, որ Հայաստանի համար գազի գինը չի բարձրացել: Բայց ակնհայտ է, որ տարիների ընթացքում ՀՀ-ն պարտք է կուտակել՝ 300 մլն դոլար, որի կեսը, դուք ասում եք, Ռուսաստանն է տալու, կեսն էլ մենք ենք տալու: Փաստ է, որ Ազգային ժողովը պետք է հավանություն տար պարտքի կուտակմանը, բայց դուք չեք եկել, չեք ներկայացրել մեզ, ավելին` հերքել եք գազի գնի բարձրացման մասին հարցերը: Ու հիմա եկել եք ու ուզում եք, որ ԱԺ-ն վավերացնի այս գործարքը, այսինքն մեզ ուզում եք մասնակից դարձնել մի գործարքի, որի մասին մեզ անգամ տեղյակ չեք էլ պահել»,- նշեց Օսկանյանը ու հետաքրքրվեց` 300 մլն դոլար հնարավոր չէ մեկ օրում կամ մեկ ամսում կուտակել, իսկ բացի այս` ե՞րբ է գազի գինը բարձրացել, նախարարը անձամբ գիտե՞ր այդ մասին և եթե այո, ապա ինչու էր թաքցնում:
Նախարար Մովսիսյանը սակայն չհամաձայնվեց Օսկանյանի ձևակերպումների հետ և նշեց, թե երբեք չի հայտարարել, որ գազի գինը չի բարձրանալու, այլ ասել է, որ բանակցություններ են գնում, որով էլ գազի վերջնական գինը կհաստատվի. «Այն ժամանակ խնդիր դրվեց, որ պետք է բարձանա, բանակցություններն ավարտվեցին, և նոր ներկայացրեցինք ձեզ: Թաքցնելու խնդիր չունենք, ուղղակի գնում էր բանակցային գործընթաց»,- նշեց նա:
Օսկանյանը պնդեց հարցը` որքան ժամանակում է կուտակվել 300 մլն դոլար պարտքը, որը հնարավոր չէ կուտակել մի օրում կամ մի ամսում: Ավելին` ըստ Վ.Օսկանյանի, այդ պարտքը հնարավոր է կուտակել մեկուկես տարում:
«Այդ պարտքը կուտակվել է 2011 թ-ից»,- միայն պատասխանեց Արմեն Մովսիսյանը:
Նախորդիվ`
Նախարարը Խ.Քոքոբելյանին. «Չքվեարկելը ձեր իրավունքն է, մի քվեարկեք»