Ի. Շուվալով. Հայաստանն ինստիտուցիոնալ առումով գերազանցում է Մաքսային միության անդամ պետություններին
Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության համար կպահանջվի մոտ կես տարի: Այս մասին «Իտար-Տասս» լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը:
Նա նշել է, որ մոտ կես տարի ժամանակ կպահանջի Մաքսային միությանը Հայաստանի ինսիտուտների համապատասխանությունը ստուգելու աշխատանքների համար: ՌԴ փոխվարչապետը վստահություն է հայտնել, որ Հայաստանը կանդամակցի Մաքսային միությանը Ղրղզստանից ավելի շուտ:
Նա այդ հանգամանքը բացատրել է ոչ միայն Հայաստանի իշխանությունների ձգտմամբ, այլև այն փաստով, որ Հայաստանի ինստիտուտները «շատ առումներով գերազանցում են Մաքսային միության անդամ պետություններում գոյություն ունեցող ինստիտուտներին, այդ թվում՝ բիզնեսի վարկանիշով»: Ի. Շուվալովը ընդգծել է, որ բիզնեսի վարկանիշով Հայաստանը գերազանցում է և՛ Բելառուսին, և՛ Ղազախստանին, և՛ Ռուսաստանին:
Նա նաև հավելել է, որ Եվրասիական տնտեսական միությունը չի ստեղծվելու ԽՍՀՄ-ի նմանությամբ:
«Մենք չենք ցանկանում, որ այն որևէ կերպ նման լինի Խորհրդային միության վերականգնմանը: Ունենք մեր ղեկավարների, նախագահների հստակ ցուցումները, որ մենք չենք ստեղծում որևէ կեղծ վերպետական միավորում: Դա բացառապես տնտեսական ձևաչափ է»,- շեշտել է Իգոր Շուվալովը:
Հիշեցնենք, որ նախօրեին Մոսկվայում տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, որին մասնակցել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը՝ պետությունների ղեկավարների մակարդակով, ի թիվս այլ հարցերի որոշում է ընդունել Մաքսային միությանը և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության միանալու միջոցառումների ծրագրի («ճանապարհային քարտեզի») մասին: Որոշմամբ խորհրդի անդամները հաստատել են միջոցառումների ծրագիրը («ճանապարհային քարտեզը»):
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում