«Ուորլիքը օժանդակում է Ղարաբաղի բանակցությունների կողմ դառնալուն»
«Սա առաջին դեպքը չէ, երբ արևմտյան դիվանագետները և հատկապես նրանք, ովքեր ներկայացնում են ամերիկյան վերնախավը, Լեռնային Ղարաբաղը ներկայացնում են որպես բանակցային պրոցեսի կողմ»,- 1նյուզ.ազ լրատվական կայքի փոխանցմամբ, անդրադառնալով ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցը, ասել է ադրբեջանցի քաղաքագետ Թոֆիկ Աբբասովը:
Կայքը հիշեցնում է, որ ամերիկացի համանախագահն իր հարցազրույցում, Լեռնային Ղարաբաղը ներկայացրել է որպես առանձին սուբյեկտ:
Քաղաքագետը նշել է, որ ամերիկացի համանախագահի հայտարարությունները պատահական չեն և նպատակը Ղարաբաղին կրկին բանակցությունների սեղան վերադարձնելն է:
Վերջինիս խոսքերով, ամերիկացի համանախագահի հայտարարությունները օժանդակում է պաշտոնական Երևանին` Ղարաբաղին բանակցությունների կողմ վերադարձնելու հարցում:
Ըստ Աբբասովի, ամերիկյան կողմը շարունակում է ջանքերը` ԼՂ հիմնախնդիրն ու հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման հարցն առանձնացնելու համար:
Նրա խոսքերով, ամերիկյան կողմը ցանկանում է պարտադրել Ադրբեջանին` համակերպվելու իր համար ոչ շահավետ պայմանների հետ:
Հիշեցնենք, որ համանախագահների վերջին` տարածաշրջան կատարած այցի շրջանակներում ռուս համանախագահ Իգոր Պոպովը հայտարարել է, որ վաղ թե ուշ, Ղարաբաղը վերադառնալու է բանակցային սեղան: