Ն.Զոհրաբյան. Կարող եմ կանխատեսել, որ այսօրվա նիստում կընտրվի հանձնաժողովի նոր նախագահ
«Ես վստահ եմ, որ Սուքիաս Ավետիսյանը չի ներկայանա արտահերթ նիստին, որովհետև որևէ լրջագույն փաստարկներ չունի և այս պարագայում դեմարշն ու պարզապես ծլկելը լավագույն տարբերակն է»,- Panorama.am-ին ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` կանխատեսելով, որ ԱԺ Հաշվիչ հանձնաժողովի կողմից նախաձեռնած արտահերթ նիստին այսօր չի մասնակցի հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Ս.Ավետիսյանը:
Ն.Զոհրաբյանն ընդգծեց` հանձնաժողովը գործում է լեգիտիմության շրջանակներում, ըստ օրենքի այն կարող է վարել նաև հանձնաժողովի քարտուղար ՀԱԿ անդամ Լյուդմիլա Սարգսյանը. «Կարող եմ կանխատեսել, որ այսօրվա նիստում հանձնաժողովը կընտրի հանձնաժողովի նոր նախագահի»:
Մեր զրուցակիցը պարզաբանեց, որ ընտրությունը կատարվում է մեծամասնության ձայների հաշվարկով, իսկ եթե հաշվի առնենք, որ ընդդիմության ներկայացուցիչները Հաշվիչ հանձնաժողովում մեծամասնություն են կազմում` 4 անդամ, ապա նա իրատեսական համարեց իր կանխատեսումը. «Ընտրության արդյունքները հաստատում է ԱԺ նախագահը, ով, բնականաբար հավատարիմ մնալով օրենքին ու օրինականությանը, պետք է հաստատի այն»,- հավելեց Նաիրա Զոհրաբյանը:
Հիշեցնենք, նախօրեին Panorama.am-ի հետ զրույցում հանձնաժողովի ՀՅԴ-ական անդամ Արծվիկ Մինասյանը հույս հայտնեց, որ ՀՀԿ-ական Ս.Ավետիսյանը այդուհանդերձ հարգանք կդրսևորի իր գործընկերների նկատմամբ և կմասնակցի արտահերթ հրավիրված նիստին, որը նվիրված է դեկտեմբերի 23-ի քվեարկությանը: Մինչդեռ Ս.Ավետիսյանն արդեն հայտարարել է, որ նիստին չի մասնակցի: