Վլադիմիր Պուտինը Հասան Ռոհանիի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում շեշտել է «Ժնև 2»-ին Իրանի մասնակցության անհրաժեշտությունը
«Սիրիայի հարցով «Ժնև 2» համաժողովը դեռ չսկսված կարող է տապալվել»,-այդ մասին ԻԻՀ նախագահի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
Տեղեկատվության համաձայն՝ այսօր ԻԻՀ և ՌԴ նախագահների միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց, որի ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային և միջազգային խնդիրներին առնչվող հարցեր:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, անդրադառնալով հունվարի 22-ին կայանալիք «Ժնև 2» համաժողովին Իրանի հնարավոր մասնակցությանը, մասնավորապես նշել է. «Իրանը՝ որպես գլխավոր խաղացող, պետք է մասնակցություն ունենա Սիրիայի հարցով «Ժնև 2» համաժողովին: Այդ համաժողովին Իրանի մասնակցության առնչությամբ որևէ նախապայման մենք համարում ենք անօգուտ և ոչ կառուցողական»:
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին էլ իր հերթին նշել է, որ Ժնևում բանակցության ցուցադրման փոխարեն պետք է հետամուտ լինել սիրիական ճգնաժամի իրական լուծմանը:
«Արտատարածաշրջանային որևէ համաժողով, որը զուրկ կլինի ազդեցություն գործելու բաղադրիչներից, ի վիճակի չի լինի լուծել սիրիական ճգնաժամը, հետևաբար «Ժնև 2»-ը դեռ չսկսված կարող է տապալվել»,-նշել է ԻԻՀ նախագահը:
Իրանական «թաբնաք.իռ» կայքը, հղում անելով «Ալ-Արաբիա» հեռուստաալիքին, տեղեկացնում է, որ քանի որ «Ժնև 2» համաժողովին Իրանին մասնակցության հրավերք չի ուղարկվել, հետևաբար ՄԱԿ-ը որոշում է կայացրել Սաուդյան Արաբիային ևս զրկել մասնակցության հնարավորությունից: