Սպիտակ տունը դեմ է Սենատի՝ Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու որոշմանը
«Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների կիրառումը Վաշինգտոնին կտանի միջուկային խնդիրը լուծելու ռազմական ճանապարհով»,-այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի խոսնակը:
Տեղեկատվության համաձայն՝ ԱՄՆ Սենատի շուրջ 50 անդամներ մի նախագիծ են մշակել, որը նախատեսում է Իրանի նկատմամբ նոր տնտեսական պատժամիջոցներ սահմանել:
Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչը, անդրադառնալով սենատորների նախաձեռնությանը, մասնավորապես նշել է. «Պարզ չէ, ինչու՞ են Կոնգրեսի որոշ անդամներ աջակցում նման օրինագծին, որը կփակի դիվանագիտության դռները և Վաշինգտոնին կտանի Իրանի միջուկային խնդիրը լուծելու ռազմական ճանապարհով»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սպիտակ տան մամլո խոսնակ Ջեյ Քարնին էր անդրադարձել սենատորների մշակած օրինագծին և նախազգուշացրել, որ եթե Սենատը հաստատի Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների մասին օրինագիծը, նախագահ Բարաք Օբաման վետո կկիրառի:
Նշենք, որ Ժնևում Իրանի և «5+1 խմբի» միջև ս.թ. նոյեմբերի 24-ին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ՄԱԿ-ի ԱԽ-ն, ԵՄ-ն և ԱՄՆ-ն պետք է ձեռնպահ մնան Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելուց: Իրանն էլ իր հերթին պարտավորվել է 6 ամսվա ընթացքում ուրանը 5 տոկոսից ավել չհարստացնել:
Նախորդող հրապարակում՝
Բարաք Օբաման սպառնում է Սենատի կողմից Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների մասին օրինագծի վրա վետո դնել