Ն.Զոհրաբյան. Շատ հույսեր չենք կարող կապել ԵԽԽՎ նախագահների փոփոխության հետ
Հունվարի 27-ին մեկնարկում է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը, որի օրակարգում ուղղակիորեն Հայաստանին առնչվող հարց չկա, սակայն ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը ճիշտ չի համարում սևեռումը այդ խնդրի վրա` մեզ վերաբերող հարց կա թե ոչ:
«Ես միշտ դեմ եմ եղել նման կերպ հարցը դիտարկելուն, որովհետև ցանկացած նախագիծ, որ քննարկվում է ԵԽԽՎ-ում վերաբերում է նաև Հայաստանին»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:
Գլխավոր սպասելիքները, իհարկե, կապված են ԵԽԽՎ նախագահի փոփոխության հետ, քանի որ այս նստաշրջանում ավարտվում է Ժան Կլոդ Մինյոնի պաշտոնավարման երկու տարին և արդեն հայտնի է, որ քաղաքական համաձայնության արդյունքում հաջորդ նախագահն ընտրվելու է Եվրոպայի դեմոկրատներ և լիբերալներ խմբակցության ղեկավար Ան Դրասյորը: Ի դեպ, ԲՀԿ-ական Ն.Զոհրաբյանն ու Վահե Հովհաննիսյանը, ինչպես նաև ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշված խմբակցության անդամներ են հանդիսանում.
«Երկար տարիներ աշխատելով տիկին Դրասյորի հետ պետք է ասեմ, որ բավականին սկզբունքային գործիչ է: Մեծ առումով շատ հույսեր չենք կարող կապել ԵԽԽՎ նախագահների փոփոխության հետ, բայց այն արժեքները, որոնք դավանում է Ան Դրասյորը վկայում են, որ նա բավականին սկզբունքային ու անաչառ գործիչ է և հույս ունեմ, որ երկակի ստանդարտների մոդելը, որ երկար ժամանակ է կիրառվում են միջազգային կառույցներում, նրա նախագահության օրոք էականորեն կսահմանափակվեն»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը:
Պատգամավորը նշեց, որ նախատեսված են բազմաթիվ զեկույցներ, որոնց կոնտեքստում հայկական պատվիրակության անդամները հնարավորություն կունենան բարձրացնել Հայաստանին հետաքրքրող խնդիրներ:
«Օրինակ, օրակարգում ընդգրկված է զեկույց Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում ռասիզմի և այլատյացության վերաբերյալ: Սա լրջագույն խնդիր է և մենք տեսնում ենք, թե ինչպես է ԵԽ անդամ տարբեր երկրներում, նաև մեր հարևան որոշ երկրներում ռասիզմն ու անհանդուրժողականությունը պետական քաղաքականության մակարդակով քարոզվում: Նաև կա համացանցում ռասիզմի և անհանդուրժողականության տարածման վերաբերյալ զեկույց, այնպես որ բավականին հետաքրքիր զեկույցներ կան, որոնց կոնտեքստում մեր պատվիրակության անդամները կբարձրացնեն մեզ հետաքրքրող և Եվրոպայի անվտանգությանն առնչվող բազմաթիվ խնդիրներ»,- հավելեց Ն.Զոհրաբյանը: