Բարաք Օբաման ևս մեկ անգամ ընդգծել է, որ դեմ է Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելուն
«Այժմ Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ժամանակը չէ»,-այդ մասին իրանական «իրդիփլոմասի.իռ» կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
Նկատենք, որ օրերս ԱՄՆ Սենատի ավելի քան 50 անդամներ մի նախագիծ են մշակել, որը նախատեսում է Իրանի նկատմամբ նոր տնտեսական պատժամիջոցներ սահմանել:
ԱՄՆ նախագահը Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյի հետ ունեցած համատեղ մամլո ասուլիսի ընթացքում, անդրադառնալով Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու ամերիկացի սենատորների նախաձեռնությանը, մասնավորապես նշել է. «Ես նախընտրում եմ խաղաղությունն ու դիվանագիտությունը և այդ հանգամանքով էր պայմանավորված, որ Կոնգրեսին հղած իմ ուղերձում նշեցի, որ այժմ Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու ժամանակը չէ»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սպիտակ տան մամլո խոսնակ Ջեյ Քարնին էր անդրադարձել սենատորների մշակած օրինագծին և նախազգուշացրել, որ եթե Սենատը հաստատի Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների մասին օրինագիծը, ապա նախագահ Բարաք Օբաման վետո կկիրառի:
Իսկ օրերս Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Բերնադետ Միհանը, անդրադառնալով սենատորների նախաձեռնությանը, մասնավորապես նշել էր. «Պարզ չէ, ինչու՞ են Կոնգրեսի որոշ անդամներ աջակցում նման օրինագծին, որը կփակի դիվանագիտության դռները և Վաշինգտոնին կտանի Իրանի միջուկային խնդիրը լուծելու ռազմական ճանապարհով»:
Նշենք, որ Ժնևում Իրանի և «5+1 խմբի» միջև ս.թ. նոյեմբերի 24-ին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ՄԱԿ-ի ԱԽ-ն, ԵՄ-ն և ԱՄՆ-ն պետք է ձեռնպահ մնան Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելուց: Իրանն էլ իր հերթին պարտավորվել է 6 ամսվա ընթացքում ուրանը 5 տոկոսից ավել չհարստացնել:
Թեմայի առնչությամբ այլ հրապարակումներ՝
Իրանի և «5+1 խմբի» միջև ստորագրված ժնևյան համաձայնագիրը ուժի մեջ կմտնի հունվարի 20-ին
Ալի Աքբար Սալեհի. Ուրանի հարստացման աշխատանքների դադարեցումը բխում է Իրանի ազգային շահերից