Լ.Զուրաբյան. Սա ոչ թե բարեփոխում է, այլ թալան
«Անկախ և ինքնիշխան Հայաստանը սկսվում է հենց այս հրապարակից, և ես այսօր արդեն կարող եմ շնորհավորել ձեզ այն կապակցությամբ, որ այս հավաքը կայացավ և մեր իշխանություններին ապացուցեց, որ ժողովուրդը ոտքի է կանգնում»,- իր ելույթը Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ այսպես սկսեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Նա ողջունեց շարժումը, որը «ձևավորվել է շատ պարզ առանցքի շուրջ` մերժել կենսաթոշակային բարեփոխումը, որը չունի քաղաքացիների աջակցությունը»:
Լ.Զուրաբյանը նշեց, որ քաղաքացիական նախաձեռնության գործողությունները նպաստեցին նաև ԱԺ չորս ոչ իշխանական խմբակցությունների արդեն իսկ ձևավորված միասնականությանը և միահամուռ ուժերով համակարգի դեմ պայքարին:
«Եկեք ասենք ողջ ճշմարտությունը` սա ոչ թե բարեփոխում է, այլ թալան»,- հայտարարեց նա, ինչին բեմին մոտ կանգնած մի տղամարդ արձագանքեց` «դա ժողովուրդը շատ լավ գիտակցում է, հետո՞»:
Պատգամավորը նշեց, որ, այո, զարգացած երկրներում իսկապես այս համակարգը գործում է, և մարդիկ չեն վախենում վստահել իրենց գումարները պետությանը.
«Իսկ մեզ մոտ ինչ վիճակ է, արդյո՞ք մենք կարող ենք վստահել այս պետությանը»,- հետաքրքրվեց Լ.Զուրաբյանն, իսկ հավաքվածները արձագանքեցին` «Ո~չ»:
Նույն արձագանքին արժանացավ նաև Լ.Զուրաբյանի այն հարցը, թե արդյոք ինչ-որ մեկը Հայաստանում հավատում է, որ քաղաքացիների գումարները տնօրինելու են լավ մենեջերները և դրանք ապահով են լինելու:
«Եվ կամ կա՞ն մարդիկ, որոնք կարծում են, որ երկրի այս համընդհանուր տնտեսական ճգնաժամի, արտագաղթի օրերին, երբ երկիրը վարի է գնում ամենակարևոր հարցը դա կուտակային ռեֆորմն է: Սա ընդամենը հերթական մի գործիք է, մոգոնված ժողովրդին թալանելու համար» ,- հայտարարեց նա ու թվարկեց բոլոր այն թալանի ձևերը, որ գործում էին մինչև այսօր` կայանման կարմիր գծերը, գազի բարձր գները, թանկացումները, ու սա: Հանրահավաքի մասնակիցներից մեկը հուշեց` «խնայբանկի» ավանդները.
«Այո, խնայբանկի ավանդները… Ինչ է, թո՞ւյլ ենք տալու սա: Իհարկե ոչ»,- հայտարարեց Լևոն Զուրաբյանն ու արժանացավ հավաքվածների բուռն արտահայտված համաձայնության գոչյուններին:
Նախորդիվ` Ն.Զոհրաբյան. Օրենքը բխում է միայն իշխանության շահերից, որին օդի պես պետք են գումարներ