Ոչ իշխանական ուժերը ցույց տվեցին, որ կարող են միավորվել պետությանը վտանգող օրենքների շուրջ. Ռուբեն Հակոբյան
Մեր քաղաքական մշակույթի մեջ սա բացառիկ դեպք է, որ մեր քաղաքացին, քաղաքացիական նախաձեռնությունները թելադրել ու ձևակերպել է օրակարգ, որին միացել են խորհրդարանական ոչ իշխանական ուժերը առանց բացառության: Այդ մասին այսօր Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Ռուբեն Հակոբյանը:
Նրա պնդմամբ, այս հանրահավաքը որևէ մի ուժի կողմից չի ուղղորդվում:
«Այն միայն ուղղորդվում է ժողովրդի կողմից, և սա է հավաքի առավելությունը», -հայտարարեց Հակոբյանը, որի խոսքին հաջորդեցին «մի-ա-ցում, մի-ա-ցում» բացականչությունները:
Անդրադառնալով «Կենսաթոշակային կուտակային օրենքին», որով առաջարկվում է պարտադիր կուտակային բաղադրիչ, Հակոբյանն ասաց, որ այն իսկապես հակասահմանադրական է:
«Այս վերջին ամիսների ընթացքում ԱԺ չորս ոչ իշխանական ուժերը ցույց տվեցին, որ կարող են միավորվել պետությանը վտանգող օրենքների շուրջ: Սա լավ է: Եթե սոցիալական այս հարցը չունենա լուծում, մենք միասին տրամադրված ենք ձևակերպելու այն օրակարգը, որը կփոխի Հայաստանում ստեղծված իրավիճակը: Քանի դեռ իշխանությունը չի հասկացել, որ վիճակը պետք է փոխվի, այդ հարցը մեզ է մնում լուծելու», -հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ այս օրենքով, որի սահմանադրականությունը վիճարկվում է ՍԴ-ում, 1974-ի հունվարի 1-ից հետո ծնված անձինք պարտադիր կերպով իրենց աշխատավարձի 5-10%-ը պետք է փոխանցեն կուտակային ֆոնդերին: Այս գումարները կտնօրինվեն կուտակային ֆոնդերի կողմից և թոշակի տարիքի հասնելուն պես քաղաքացիներին կտրամադրվեն որպես կենսաթոշակ՝ պետության կողմից որոշակի հավելումներով: Օրենքը դժգոհություններ է առաջացրել հասարակության որոշ շերտերի շրջանում և տեղիք տվել բողոքի տարբեր ակցիաների:
«Դեմ! եմ» նախաձեռնության հետ բազմաթիվ հայտնի դեմքեր ու տարբեր կազմակերպությունների աշխատակիցներ պահանջում են կասեցնել օրենքի կիրառումը: