Աբդուլլա Գյուլ. Թուրքական իշխանությունները պատրաստ են բացել արխիվները
Թուրքական իշխանությունները պատրաստ են բացել արխիվները՝ ուսումնասիրելու 1915 թ-ի դեպքերը: «Ռոսիյսկայա գազետայի»-ի փոխանցմամբ, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ Անկարայում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը:
Նշենք, որ Ֆրանիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նախօրեին պետական այցով ժամանել էր Թուրքիա: Վերջին 22 տարիների ընթացքում սա Ֆրանսիայի ղեկավարների առաջին այցն է Թուրքիա:
«Մեկ դարյա պատմություն ունեցող իրադարձությունները մեր ընդհանուր ցավն է: Սխալ է կրել այդ ցավը սերնդեսերունդ: Պետք չէ նորից վերաբացել վերքը, ավելի լավ կլինի, որ այդ հարցը ուսումնասիրեն պատմաբանները: Մենք պատրաստ ենք բացել բոլոր արխիվները», - ասել է Գյուլը:
Ֆրանսիայի ղեկավարը, իր հերթին մատնանշել է Թուրքիայի նախագահի այդ քայլի կարևորությունը` ողբերգական իրադարձություններից մեկ դար անց:
«Պատմության հետ աշխատանքը կարող է ցավոտ լինել, սակայն այն պետք է անել: Մենք անցում ենք կատարում պատմական լուծումների դարաշրջան»,- նշել է Օլանդը:
«Թուրքական իշխանությունները այլևս չպետք է ժխտեն Օսմանական կայսրությունում 1915 թ-ին հայերի զանգվածային ոչնչացումը»,- հավելել է Ֆրանսիայի ղեկավարը:
Նա նաև հայտարարել է, որ Ֆրանսիան կկատարի պարտավորությունները և կընդունի Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման օրենք:
Հիշեցնենք, որ 2012 թ հունվարին Ֆրանսիայի խորհրդարանը, այս ժամանակվա երկրի նախագահ Նիկոլա Սարկոզիի աջակցությամբ, ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման օրենքը: Սակայն, որոշ ժամանակ անց Ֆրանսիայի Սահմանադիր խորհրդի որոշմամբ այն հակասահմանադրական ճանաչվեց:
Ֆրանսուա Օլանդը բազմիցս արտահայտվել է Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման նոր օրինագծի մշակման և ընդունման օգտին:
Թուրքիան ավանդաբար հերքում է 20-րդ դարի սկզբին Հայոց ցեղասպանության եղելության փաստը: Հայոց ցեղասպանությունն արդեն ճանաչել և դատապարտել են Ուրուգվայը (1965թ.), Կիպրոսի Հանրապետությունը (1982թ.), Արգենտինան (1993թ.), Ռուսաստանի Դաշնությունը (1995թ.), Կանադան (1996թ.), Հունաստանը (1996թ.), Լիբանանը (1997թ.), Բելգիան (1998թ.), Իտալիան (2000թ.), Վատիկան (2000թ.), Ֆրանսիան (2001թ.), Շվեյցարիան (2003թ.), Սլովակիան (2004թ.), Հոլանդիան (2004թ.), Լեհաստան (2005թ.), Գերմանիան (2005թ.), Վենեսուելան (2005թ.), Լիտվիան (2005թ.), Չիլին (2007թ.), Շվեդիան (2010թ.): Հայոց Ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրախորհուրդը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանը դավшճան է, ուրախանում է, որ մեր երեխաները զnhվnւմ են. Զոհված զինծառայողի մայր