Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը ճանաչել է ԼՂՀ անկախությունը
Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը միաձայն ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը` որպես անկախ և ինքնիշխան պետություն: Այս մասին տեղեկացնում է «Ասբարեզ» պարբերականը:
Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է Լոս Անջելեսի խորհրդի հայազգի անդամ Պոլ Գրիգորյանի կողմից ներկայացված բանաձևը:
«Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Պոլ Գրիգորյանին և Լոս Անջելես քաղաքին ճշմարտությանն ու արդարությանն աջակցելու համար, ինչպես նաև մեր երախտագիտությունն արտահայտել յուրաքանչյուրին, ովքեր միացել են Արցախի անկախությունն ընդունելու հարցում գործադրված ջանքերին»,- նշել է Ամերիկայի Հայ Դատի Գլենդելի գործադիր տնօրեն Էլեն Ասատրյանը:
Բանաձևում մասնավորապես նշվում է, որ ԼՂՀ-ը նպաստում է Կովկասի տարածաշրջանի կայունությանը՝ անցկացնելով ազատ և արդար ընտրություններ: Բանաձևում նաև կոչ է արվում միջազգային հանրությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որպես ազատ, անկախ և ինքնիշխան պետություն: