Ադրբեջանում ստիպված են հաշտվել աճող ծայրահեղ արմատականության փաստի հետ
Հունվարի 28-ին ադրբեջանական լրատվական ռեսուրսներում տեղեկություն տարածվեց առ այն, որ Կովկասի մուսուլմանների վարչությունը հրապարակել է ֆեթվա (իսլամում որևէ հարցի մասին որոշում) որոշ ադրբեջանցիների կողմից այլ երկրներում ռազմական գործողություններին մասնակցելու վերաբերյալ: Այդ մասին պարզաբանում ստանալու համար «Panorama.am»-ի թղթակիցը դիմեց արաբագետ Սարգիս Գրիգորյանին:
Ըստ արաբագետի` Կովկասի մուսուլմանների վարչության կողմից ընդունված ֆեթվան հօդս է ցնդեցնում ադրբեջանական իշխանությունների և հոգևորական վերնախավի, հատկապես Ալլահշուքյուր Փաշազադեի կողմից տարիներ շարունակ բարձրաձայնվող ադրբեջանական աշխարհիկ հասարակության մասին խոսակցությունները:
«Այլ երկրներում տեղի ունեցող ռազմական գործողություններին ադրբեջանցիների մասնակցելու վերաբերյալ կամ ադրբեջանական հասարակությանը «ջիհադ» կամ «շահիդ» տերմինների պարզաբանմանը միտված վերոհիշյալ ֆեթվան ահազանգ է իրենից հիշեցնում, որ ամեն ինչ այնքան էլ նորմալ չէ ադրբեջանական հասարակությունում»,-շեշտեց Գրիգորյանը` հավելելով, որ ֆեթվայում հնչեցված այն միտքը, որ «Մենք պետք է հիշենք մեր շահիդներին, որոնք զոհվեցին 1990թ-ի հունվարի 20-ին ու ղարաբաղյան պատերազմում: Շահիդների հիմնական նպատակը անձնազոհությունն է այն ագրեսիայի դեմ պայքարում, որն ուղղված է հայրենիքի և հավատքի դեմ», փորձ է վտանգավոր արագությամբ տարածվող ադրբեջանական ջիհադական ներուժն ուղղորդել այլ երկրների դեմ»,-մեկնաբանեց նա:
Սարգիս Գրիգորյանի կարծիքով, ԿՄՎ-ի կողմից ընդունված ֆեթվան պայմանավորված է 2012-2013թթ-ից Սիրիայում կռվող ադրբեջանցի իսլամականների թվաքանակի աննախադեպ աճով, որի հետևանքը եղավ 2014թ-ի սկզբից 10-ից ավել ադրբեջանցի իսլամականների սպանությունը: Ինչպես ալիևյան վարչախումբը, այնպես էլ ԿՄՎ-ն և նրա առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեն շատ լավ տեղեկացված են դեպի Սիրիա շարժվող ադրբեջանցիների զանգվածային արտահոսքի մասին, սակայն տարվա սկզբից ադրբեջանցի ջիհադականների սպանությունների ավելացող թիվը ստիպեց խոսել ադրբեջանական իշխանություններին և, դրանով է պայմանավորված նաև, ԿՄՎ-ի կողմից հավանաբար «հրահանգված» ֆեթվայի ընդունումը:
Արաբագետը նշեց, որ ԿՄՎ առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի կարծիքով` ադրբեջանցիներից շատերը Սիրիա են գնում գումար վաստակելու համար: Փաշազադեի ասածի մեջ, այնուամենայնիվ, ճշմարտություն կա:
Դեպի Սիրիա ադրբեջանցի ջիհադականների ճանապարհորդությունը բավական էժան է նստում, իսկ որոշ տվյալների համաձայն` Թուրքիայում և Սիրիայում ռազմական պատրաստություն անցած փորձառու ադրբեջանցիները, որոնք հիմնականում ընդդիմադիր իսլամական խմբավորումների կազմում մասնակցում են ռազմական գործողություններին, ստանում են ամսեկան 5000 դոլար, որը բավական զգալի գումար է չքավորության մեջ ապրող սովորական ադրբեջանական ընտանիքի համար:
Սակայն սիրիական հակամարտության մեջ ներգրավված են ոչ միայն կարիքավոր ադրբեջանցիներ: Վերջին օրերին զոհված ադրբեջանցիների օրինակը (վերջին սպանվածներից 18-ամյա Նիջաթ Նասիզադէն Կիպրոսի համալսարաններից մեկի ուսանող էր և ապահով ընտանիքից էր, Ռահման Շիխալիեվը պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ էր Սումգայիթից, 14-ամյա Նաջաֆ Կարիմովը Նախիջևանից էր, ում հայրը երեք խանութների տեր էր) հուշում է, որ Սիրիան գրավում է նաև նյութապես ապահովված ադրբեջանցիներին:
«Սակայն պետք է փաստել,-ասաց արաբագետը,-որ Սիրիայում կռվող ադրբեջանցի ջիհադականների որոշ մասը խորապես հավատացյալ անձնավորություններ են, հիմնականում երիտասարդներ, կան նաև որոշ արկածախնդիրներ, ում համար հետաքրքիր է գնալ ու ինքնադրսևորվել անհավատների դեմ տարվող ջիհադական պայքարում»:
Ինչևէ` նրա խոսքով, ադրբեջանական իշխանությունների վերաբերմունքն ադեկվատ չէ ադրբեջանցի իսլամականների և Ադրբեջանում տիրող իրողության նկատմամբ:
«Բացի նրանից, որ ալիևյան վարչախումբը աչք է փակում երկրից դեպի ջիհադական այլ ճակատներ շարժվող ադրբեջանցի իսլամականների տեղաշարժերի վրա և ոչինչ չի նախաձեռնում դրանք կանխելու համար, Սիրիան անցած շատ ջիհադականներ վերադառնում են Ադրբեջան, չհանդիպելով որևիցե խոչընդոտի (մասնավորապես Սիրիայում կռված ջիհադական Անար Մահմաուդովը նշում է, որ երբ նա վերադարձավ Ադրբեջան, իրավապահ մարմինները միայն հարցաքննել են իրեն, և այլևս ոչինչ): Եթե ադրբեջանական իրավապահ մարմինների կողմից որոշակի գործողություններ կատարվում են Ադրբեջանում գտնվող ջիհադականների նկատմամբ, ապա դրանք մերթընդմերթ են տեղի ունենում` այդ գործողությունները ծառայեցնելով այլ նպատակների, մոլորության մեջ պահելուն միջազգային հանրությանը: Ադրբեջանը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ` դա աճող ծայրահեղ արմատական տրամադրություններն են ու ինչպես Ադրբեջանում, այնպես էլ աշխարհի ամեն անկյունում ջիհադական պայքարի պատրաստ ադրբեջանցին: Սա արդեն իրողություն է, որի մասին ստիպված են խոսել Ադրբեջանում»,- եզրափակեց Ս. Գրիգորյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում