Ադրբեջանում հայ գերու հետ հարցազրույց են անցկացրել
Ադրբեջանի լրատվամիջոցները հրապարակել են հայ-ադրբեջանական սահմանը հատած ՀՀ քաղաքացի Մամիկոն Խոջոյանի` «ANS» հեռուստաալիքին տված հարցազրույցը:
Նշենք, որ Վերին Կարմիր Աղբյուր գյուղի բնակիչ Մամիկոն Խոջոյանը հունվարի 28-ին հատել էր հայադրբեջանական սահմանը և հայտնվել Ադրբեջանի պահպանության տակ գտնվող տարածքում: Նրան վերջին անգամ սահմանագծի մերձակայքում տեսել է նույն գյուղի հովիվները:
Ոստիկանությունից արդեն հայտնել են, որ Խոջոյանը առողջական խնդիրներ է ունեցել (հոգեկան) և վերջին 2-3 տարիներին հաշվառված է եղել ու գտնվել բժիշկների վերահսկողության տակ:
Տեսանյութի սկզբում երևում է, որ Խոջոյանի հետ հարցազրույց անում են հայերեն լեզվով, համենայնդեպս, դա պարզ է դառնում վերջինիս` հայերենով տված հարցից:
77ամյա ՀՀ քաղաքացին տեսանյութում պատմում է, որ Վերին Կարմիր Աղբյուր գյուղից է: Նշել է նաև, որ միջադեպի օրն ընկել է ու կոտրել ձեռքը, սակայն հիմա իրեն լավ է զգում:
Նա շարունակում է պատմել է, որ զբաղվել է խաղողագործությամբ, ապա վերջինիս խոսքն ընդհատվում է ադրբեջաներեն խոսքով: panorama.am-ը խնդրեց ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանին թարգմանել այդ մասը: Պարզվեց` հարցազրույցը ադրբեջանական մեկնաբանությամբ շարունակում է այսպես` Մամիկոն Խոջոյանը հարցազրույցում նշել է, թե «Հայաստանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչ է»:
Հիշեցնենք, որ Ադրբեջանում գերիների, ռազմագերիների հետ հարցազրույցներ կազմակերպելու ու վերջիններիս իրենց քարոզչական նպատակներին ծառայեցնելու մեծ փորձ ունեն:
Վերջին անգամ, նման մի «հարցազրույց» կազմակերպվել էր ներկայումս Ադրբեջանում գտնվող, հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հետ, ով օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը՝ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում: Հավելենք, որ Ադրբեջանը նախապես հաստատել էր հայ զինծառայողի՝ մոլորվածության պատճառով Ադրբեջանի պահպանության տակ գտնվող տարածքում հայտնվելու վարկածը, սակայն ավելի ուշ, ադրբեջանական լրատվամիջոցները սկսեցին տարածել զինծառայող՝ ինքնակամ շփման գիծը հատելու վարկածը: Ավելի ուշ, համացանցում շրջանառության մեջ դրվեց հայ զինծառայողի հետ երկու «հարցազրույց», ինչը Ժնևյան կոնվենցիայի 13-րդ հոդվածի մի շարք կետերի խախտում է :