Դ. Բաբայան. Դեռ պարզ չէ` արդյո՞ք համանախագահները կայցելեն նաև Արցախ
«Մեզանից կախված ամեն ինչ անում ենք սահմանագծին տիրող իրավիճակի մասին միջնորդներին տեղեկացնելու համար: Տարբեր մեխանիզմներով շահագրգիռ կառույցների հետ աշխատում ենք` փորձելով անհրաժեշտ արդյունքի հասնել»,- Panorama.am-ի հարցին, թե սահմանագծին տիրող իրավիճակի հետ կապված ի՞նչ քայլեր են իրականացվում, պատասխանեց ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:
«Սահմանագծում տեղի ունեցածի առնչությամբ հնչեցվող հայտարարություններում կրկին կոնկրետ հասցեատեր չի նշվում, իսկ Ադրբեջանն օգտվելով դրանից շարունակում է ակտիվանալ: Մենք հույս ունենք, որ միջնորդները տարբեր խողովակներում աշխատում են Բաքվի հետ` փորձելով լիցքաթափել իրավիճակն առաջնագծում»,- հավելեց նա:
Արդեն հայտնի է, որ համանախագահները տարածաշրջան են ժամանելու, արդյո՞ք տեղեկատվություն կա միջնորդների` Արցախ այցելելու մտադրության մասին հարցրեցինք Դ. Բաբայանին. «Մեզ հայտնի է միայն համանախագահների` Հայաստանի ու Ադրբեջանի նախագահին հանդիպելու նպատակների մասին, դեռևս որևէ կոնկրետ բան չեմ կարող ասել նրանց Արցախ այցելելու մասին»: