Տեսակետներ. Համանախագահներից ակնկալվում է հստակ դիրքորոշում
Մեկնարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան: Ներկայումս համանախագահներ` Ջեյմս Ուորլիքն (ԱՄՆ) ու Ժակ Ֆորը (Ֆրանսիա) Ադրբեջանում են , որտեղ նախատեսված է վերջիններիս հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարարի և նախագահի հետ: Արդեն հայտնի է, որ փետրվարի 5-ին համանախագահները կժամանեն Հայաստան :
Համանախագահների Ստեփանակերտ մեկնելու մասին ստույգ տեղեկատվություն դեռևս չկա: Panorama.amին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանն ասել էր , որ համանախագահների` Ստեփանակերտ ժամանելու մասին դեռևս հսկա պայմանավորվածություն էլ չկա:
ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանն ակնկալում է, որ «համանախագահները կհստակեցնեն իր դիրքորոշումը սահմանագծին տիրող իրավիճակի վերաբերյալ, այլապես լղոզված մեկնաբանություններն ու «աչք փակոցիները» տարածաշրջանում վտանգավոր իրավիճակ են ստեղծում»:
«Ադրբեջանի լկտի քաղաքականության արդյունքում մարդկային կորուստներ են գրանցվում ոչ միայն զինծառայողների, այլ քաղաքացիական անձանց շրջանում: Բնակավայրերի ուղղությամբ կրակահերթերը շարունակվում են ու այս իրավիճակում անհասկանալի է համանախագահների պահվածքը»,- նշեց Հ. Սահակյանը:
Հարցին, թե ո՞րն է նշված իրավիճակի լուծումը, պատգամավորը նշեց, որ համանախագահներն իրենց երկրների միջոցով պետք է օգտագործեն համապատասխան լծակները` Ադրբեջանի նկատմամբ ճնշումներ գործադրելու հարցում:
Վերոնշյալի շուրջ ռազմական փորձագետ Սամվել Պետրոսյանը կարծում է, որ երկու կողմերին ուղղված միջնորդների հորդորները բավականին վտանգավոր են:
«Այս պահին դժվար է խոսել ակնկալիքների մասին. լավագույնը ինչը կարող են անել համանախագահներ` հստակ արձագանքել սահմանագծին տիրող իրավիճակին: Պետք է ջանքեր գործադրել, որպեսզի նման լարված իրավիճակներում Ադրբեջանը լարվածությանը նպաստող հավելյալ գործողություններ չիրականացնի: Այդ երկիրը տարբեր իրավիճակներում զինտեխնիկա է կուտակում սահմանագծին, օդուժը բարձրացնում օդ, սակայն դրա հետ կապված որևէ արձագանք լսելի չէ»,- նշեց Ս. Պետրոսյանը:
Նրա խոսքերով, կարևոր է ոչ միայն ստեղծել մեխանիզմներ, որոնք կենթադրեն առաջնագծից զինտեխնիկայի ու դիպուկահարների հեռացում, այլ պետք է վերահսկողություն սահմանել այդ մեխանիզմների իրագործման վերաբերյալ:
Ռազմական փորձագետը փաստեց, որ այս պահի դրությամբ ոչինչ արված չէ և մեծ առումով շատ ակնկալիքներ համանախագահներից չկա: