«Կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացը դժվար թե հասնի տրամաբանական ավարտի»
Խորհրդարանական չորս ուժերի նախաձեռնության (անվստահություն հայտնել կառավարությանը), ինչպես նաև հնարավոր զարգացումների վերաբերյալ panorama.am-ը զրուցեց ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովի հետ:
Կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը ԱԺ ոչ կոալիցիոն չորս խմբակցությունների՝ ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, «Ժառանգության» և ՀԱԿ-ի ներկայացուցիչները քննարկել են երեկ: Հանդիպմանը մասնակցել են ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհաբյանն ու խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը և խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը և խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը և ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը։ Մեկուկես ժամ տևած քննարկման արդյունքում վերջնական որոշում այդպես էլ չի ընդունվել , իսկ Ռուբեն Հակոբյանը իր հերթին հայտարարել է, որ յուրաքանչյուր խմբակցություն այդ հարցը պետք է քննարկի իր կուսակցության քաղխորհրդում:
Մարկարովի կարծիքով, ԱԺ-ում ներկայումս առկա ուժերի հարաբերակցությունը գրեթե անհնարին է դարձնում վերոնշյալ նախաձեռնությունը տրամաբանական ավարտին հասցնելու հնարավորությունը:
«Խորհրդարանական այն ուժերը որոնք իրենց համարում են ընդդիմություն կամ էլ գործում են այդ ուղեծրում, սկսում են մի գործընթաց, որը դժվար թե կարողանան հասցնել տրամաբանական ավարտի: Պարզ է, որ ԱԺ-ում ներկայումս առկա ուժերի հարաբերակցություն ՀՀԿ-ի համախմբված քվեարակության դեպքում թույլ չի տալիս հասնել ինչ-որ արդյունքի:
Սա իմ կարծիքով ցույց է տալիս խորհրդարանական այս ուժերի անհամաձայնությունը այս կամ այն հարցերի վերաբերյալ, ինչպես նաև այն, որ իրենք ունեն լրջագույն վերապահումներ կառավարության վարած քաղաքականության վերաբերյալ»,- ասաց քաղաքագետը:
«Սակայն իմ խորին համոզմամբ, գլխավոր հարցն այն է, թե ո՞ր է կառավարության վարած քաղաքականությանը այս քաղաքական ուժերի կառուցողական այլընտրանքը: Առայժմ խոսքը գնում է ընդամենը քննադատության և ոչ թե այլընտրանքի մասին, որը կարող է հանդես գալ որպես քաղաքական մեծամասնության հետ քննարկման առարկա»,-հավելեց Մարկարովը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները