ՀՀ նախագահ. Վեց տարիների ընթացքում միջին աշխատավարձի աճը ավելի բարձր է եղել գնաճից
«Շատերը կարող են մտածել, որ եթե քանի տարի է տնտեսական աճ է ապահովվում, ապա ինչո՞ւ է հասարակությունում այնպիսի տրամադրություն տիրում, որ վիճակը գնալով վատանում է: Շատ պարագաներում ընկալումների հարց է: Վերջին վեց տարիների ընթացքում մենք ունեցել ենք կայուն տնտեսական աճ՝ բացառությամբ մեկ տարվա: Միջին աշխատավարձը ՀՀ-ում բարձրացել է գնաճից ավելի առաջանցիկ տեմպերով: Այս վեց տարիների ընթացքում գնաճը կազմել է 40%, միջին աշխատավարձի աճը կազմել է 60%»,- Երկրապահ կամավորական միության 10-րդ հոբելյանական համագումարում անդրադառնալով տնտեսական աճի ցուցանիշներին` ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Երկրի ղեկավարը որպես օրինակ բերեց անցած տարվա սեպտեմբերի երկրորդ կեսին արտարժութային արժեթղթերի թողարկումը և հիշեցրեց, որ շատերն էին պնդում, որ քչերը կգնեն այդ արժեթղթերը, որ եթե անգամ Հայաստանին պարտք տան, ապա կտան բարձր տոկոսներով, իսկ Մաքսային միությանը միանալու որոշումից հետո ընդհանրապես բացառում էին արժեթղթերի գնումը:
«Արդյունքում մեր երկրին առաջարկեցին 3 միլիարդ դոլար պարտք, մենք վերցրեցինք ընդամենը 700 միլիոն, որովհետև ավելին կարող էր վատթարացնել մեր տնտեսական վիճակը: Ավելին ասեմ, սեպտեմբերից մինչև փետրվար այդ արժեթղթերը, որ 6%-ոց էին, այժմ դարձել են 5,8%, այսինքն՝ ավելի են թանկացել: Եթե մեր վիճակը վատ է, մեր պարտքերը շատ են, եթե մենք գահավիժում ենք՝ որպես տնտեսություն, այդ ինչպե՞ս է, որ աշխարհի խոշորագույն 60 ներդրողները մեզ առաջարկում են ահռելի թիվ՝ 3 միլիարդ դոլար: Մեր տնտեսությունն առողջ է, մեր տնտեսությունն ամուր է, մեր տնտեսության մեջ տեղի են ունեցել էական փոփոխություններ»,- շեշտեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախորդիվ`
Սերժ Սարգսյան. Մենք ունենք ամենացածր գնով գազ` ՀՀ-ի սահմանին
Նախագահ Ս. Սարգսյան. Լավագույն ուսուցիչների աշխատավարձը կտրուկ բարձրանալու է
ՀՀ նախագահ. Ինչո՞ւ դիպուկահարները դուրս չեն բերվում սահմանային գծից
ՀՀ նախագահ. Բարեփոխումները կոչված են մարդուն սեփական երկրին ամուր կապելուն
Սերժ Սարգսյան. «Ես ակնկալում եմ 2014թ.-ի համար ավելի մեծ տնտեսական աճ»