ԱԺ նախագահը խոստացավ` «Նաիրիտ»-ի հարցով հանձնաժողով կստեղծվի
«Նաիրիտ» գործարանը միշտ եղել է ՀՀ ամենախոշոր գործարաններից մեկը` թե խորհրդային, թե ետխորհրդային տարիներին, բայց նաև ունեցել է ամենածանր պրոբլեմները: Այսօր էլ 2500 մարդ է աշխատում և բնական է, որ «Նաիրիտ»-ի հետ կապված ցանկացած հարց պետք է հնչեղություն ստանա, բայց դրանք պետք է զերծ լինեն քաղաքական երանգավորումներից: Այս մասին քիչ առաջ Ազգային Ժողովում հայտարարեց Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը` ընդդիմադիր պատգամավորների ելույթները լսելուց հետո:
Նրա խոսքով, լսած բոլոր ելույթներից միայն հաշվածներն էին, որ իսկապես սրտացավություն էին պարունակում, մնացածը քաղաքական ենթատեքստ ունեցող ելույթներ էին:
«Անընդհատ ասում են կառավարությունը որոշել է սնանկացնել «Նաիրիտը», բայց եթե ուզենար, ապա 3-4 տարի առաջ կային այդ մոտիվները և կսնանկացներ: Կամ` ուզում է փակել գործարանը: Է` ավելի հեշտ կլիներ, երկամսյա աշխատավարձը կտային աշխատողներին կպրծնեին…. Բայց իրականում գործարանի ամենամեծ հարստությունը ոչ թե սարքավորումներն են, այլ մասնագիտական կազմն է»,- հայտարարեց նախարարը:
Ա.Մովսիսյանի խոսքով, այսօր մեծ ծրագիր կա կապված «Ռոսնեֆտ»-ի հետ, այնպես որ` ինքը գտնում է, որ ճիշտ չէ այս պահին որևէ հանձնաժողով ստեղծել և խաթարել այդ աշխատանքները:
Նախարարից հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ արտահերթ ելույթում կրկին անգամ հանդուրժողականության կոչ արեց և հորդորեց գործընկերներին զուսպ լինել հայտարարություններում, առավել ևս անտեղի չշահարկել վարչապետի և այլ պաշտոնյաների անունները: Նաև հավաստիացրեց, որ իշխանությունները կողմնակից են ստեղծելու հանձնաժողով:
«Տեսաք` այսօր ստեղծեցինք գազի հանձնաժողովը, և շատ մարդիկ զարմացել էին: Բայց լինեմ անկեղծ` ես եմ դեմ եղել, որ հարցը մտնի քառօրյա»,- նշեց ԱԺ նախագահը:
Նրա խոսքով` քաղաքական մեծամասնությունը ոչինչ կոծկելու և թաղելու չունի, առավել ևս պայման չունի, որ ինչ-որ պաշտոնյա զբաղվի ապօրինություններով: Նա խոստում տվեց, որ մինչև աշուն «Նաիրիտ»-ի հարցով հանձնաժողովը կստեղծվի:
Նախորդիվ` Ա.Մինասյան. «Նաիրիտ»-ի սնանկացումը կազմակերպված գործընթաց է, որում ներգարվված է ոչ պրոֆեսիոնալ մոտեցումն ու կառավարությունը