Հ.Աբրահամյան. Գազային գործարքում ապօրինություններ թույլ տված պաշտոնյաները կպատժվեն
Խորհրդարանական ընդդիմության արձագանքը գազի հարցերով ստեղծվելիք ժամանակավոր հանձնաժողովի վերաբերյալ ստիպեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին ելույթ ունենալ` նախևառաջ հայտարարելով, թե ընդդիմության մտավախությունները մեր մտահոգությունները չեն, նպատակը հանրությանը հուզող հարցի քննարկումն է: Սա հնչեց ի պատասխան ընդդիմադիր պատգամավորների այն ելույթների, թե քաղաքական մեծամասնությունը հանձնաժողով ստեղծելով այլ նպատակ է հետապնդում, որի հետևում կկորի խնդրի էությունը:
«Բոլորին են հետաքրքրում գազի ոլորտին վերաբերող հարցերի պատասխանները: Իսկ ընդդիմությանը հետաքրքրող բոլոր հարցերը ընդգրկված են մեր կողմից առաջարկվող նախագծի մեջ, ինչպես նաև այլ հարցեր, որոնք մենք ենք առաջարկել: Եվ ուզում ենք լինել ազնիվ. ինչու եք մեզ քննադատում, որ մենք ստիպված ենք, կամ ուզում ենք թաղենք... մենք ոչ մեկին էլ չենք ուզում թաղենք, ոչ էլ թաքցնելու վարպետ ենք, չունենք այդ փորձը: Ուղղակի ուզում ենք այդ հնարավորությունը ստեղծենք, առավել ևս, որ հանրապետության նախագահն էլ հայտարարել է` եթե կան մարդիկ, որոնք չարաշահել են իրենց պաշտոնը և զբաղվել են ապօրինություններով, նրանք պետք է պատասխան տան»,- դիմելով ընդդիմադիրներին նշեց Հովիկ Աբրահամյանը` շեշտելով, որ հանձնաժողովը մինչև վերջ պետք է հետամուտ լինի ճշմարտությանը:
«Ինչի մասին եք դուք խոսում, ինչ եք վարկաբեկում այդ դեռ չստեղծված հանձնաժողովը: Որն է ձեր ցանկությունը: Ի դեպ, ինձ մոտ տպավորություն կա և համոզված եմ, որ հասարակության մոտ էլ այդպես է, որ դուք չեք էլ ուզում այդ հանձնաժողովը ստեղծեք: Մենք չունենք որևէ մեկի հետ պայմանավորվածություն, որոնք պաշտոն են զբաղեցնում, որ զբաղվեն ապօրինություններով, չկա նման բան: Եվ մենք ազատ ենք մեր որոշումների մեջ, և եթե կլինեն նման մարդիկ, որոնք ի հայտ կգան ուսումնասիրությունների արդյունքում, մենք պատժելու ենք այդ մարդկանց և դուք ականատես կլինեք»,- հավաստիացրեց ԱԺ նախագահը:
Ինչ վերաբերում է հանձնաժողովի ձևավորմանը, նա նշեց, որ իրենք ի սկզբանե հանդես են եկել առաջարկով ձևավորել կոալիցիոն հանձնաժողով, որում ներկայացված կլինեն նաև մյուս չորս խմբակցություններից: Առաջարկել են տասը անդամ ունեցող հանձնաժողով, ընդդիմության ներկայացուցիչների ներկայացվածությամբ, սակայն, զարմացած նշեց ԱԺ նախագահը, դրա մեջ էլ են վատ բան տեսնում. «Ես ուզում եմ, որ բոլորդ տեղյակ լինեք և հավատաք` մենք նպատակ չունենք որևէ հարց, ապօրինություն կոծկելու. չկա նման ցանկություն»:
Անդրադառնալով ընդդիմադիրների մյուս դժգոհությանը, որը վերաբերում է հանձնաժողովի գործունեության ժամկետներին` մինչև նոյեմբերի 8-ը, Հ.Աբրահամյանը նշեց, որ եթե ընդդիմությունը պնդում է, որ գործունեությունը լինի մինչև հունիս, ապա իրենք դրան համաձայն են. «Մենք դրան էլ ենք համաձայն, որպեսզի դուք հասկանաք, որ չենք ուզում ձախողվի մեր աշխատանքը: Թող լինի` մայիսին ավարտեք եթե ուզում եք: Կարևորը ուսումնասիրեք հիմնավոր և պատրաստ ենք լսելու ձեր զեկույցը հարգելի ապագա հանձնաժողովի անդամներ»:
Իսկ հանձնաժողովի դռնփակ լինելու հանգամանքի մասով էլ ասաց, որ այս իմաստով դեմ է, որ մարդիկ գան ու դեմագոգիայով զբաղվեն, մեկ է ամբողջ օրը դա անում են մամուլում:
Նա նաև հավելեց. «Ուզում եմ պարբերաբար բռնկվող գործընկերներիս հորդորել հանդարտության: Բոլորս էլ կարող ենք պարբերաբար գոռալ, խոսել. հիշեք, հորդառատ անձրևը շուտ է կտրվում: Մենք լուրջ տրամադրված ենք, որ հանձնաժողովը կայանա ու տա արդյունավետ պատասխանները բոլոր այն հարցղերի, որոնք առկա են հանրության մոտ»:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան