«Նաիրիտ»-ի աշխատողները շարունակում են արդարություն փնտրել ԱԺ մոտ
Այսօր առավոտյան ևս «Նաիրիտ»-ի մի քանի տասնյակ աշխատակիցներ շարունակեցին իրենց պայքարը Ազգային Ժողովի շենքի դիմաց: Նրանց ձեռքին չկար ոչ մի պաստառ, ոչ ոք բարձրախոսով չէր հնչեցնում իրենց պահանջները:
Panorama.am-ի հետ զրույցում «Նաիրիտ»-ի 30 տարվա աշատակիցներից մեկն ասաց, որ ոչ մի բանի էլ չի հավատում, իսկ այստեղ եկել է պայքարելու. «պետք է մի բան անեմ, թե չէ սիրտս կպայթի»:
«Ամենաահավորը ոչ թե էն ա, որ փող չեն տալիս, մեզ էլ մարդահաշիվ չեն համարում, փալասի տեղ են դրել ու նայում են միջովդ, ոնց որ դու սկի գոյություն էլ չունես, այլ էն, որ ստացվում ա ես իմ կյանքը անիմաստ եմ ապրել... աշխատես, աշխատես ու սե՞նց լինի: Հիմա դուրս ա գալիս, որ ես իմ 30 տարուց ավելին չեմ ապրել, գործարանը նենց իզութոզով ջնջեցին, լափեցին ու ավերին, որ իմ էդ 30 տարին էլ հետը փջվավ...»,- պատմեց նա:
Իսկ իր ընկերներից մյուսը ասաց, որ «Նաիրիտը» բոլորին փակուղի է մտցրել ու ոչ իրենք են կարողանում նրանից պրծնել, ոչ էլ գործարանն իրենցից:
«Մենք իրանց պետք չենք: Չեմ հասկանում ինչ խաղ ա: Ազատման դիմում եմ ստիպված գրել, որ փողերը տան տանեմ բժշկի, բայց հիմա էլ ամիսը 100 մանեթ շպրտում են ու վերջ: Ռասչոտ էլ չեն անում մարդու պրծնի.... հիմա կարողա մի 3 տարվա մեջ ամեն ամիս կոպեկ-կոպեկ փակեն, բայց ո՞ւմ ա պետք: Բժշկի փողը ո՞նց տամ»,- նշեց նա:
Դրան զուգահեռ ԱԺ-ում քվեարկության դրվեց «Նաիրիտ»-ի խնդրի ուսումնասիրության ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀՅԴ ներկայացրած նախագիծը, որը սակայն տապալվեց՝ քաղաքական մեծամասնությունը դեմ քվեարկեց: