Ա. Իսկանդարյան. Ուկրաինան արդեն ընկել է
«Ուկրաինայի մասնատումն արդեն իսկ կայացած իրականություն է: Կառավարման կառուցվածների կազմաքանդումն ու երկրում առկա ամեն քաղաքականի լեգիտիմության կորուստն արդեն իսկ իրականություն է: Սա թույլ կամ մասնակի լեգիտիմության կորուստ չէ: Սա իշխանության բոլոր օղակների մասսայական լեգիտիմության կորուստ է»,- Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումների մասին խոսելով ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Ըստ նրա, երկրի ղեկավարին հեռացնելու համար բերված շարժառիթները Սահմանադրության մեջ պարզապես զետեղված չեն: Նախագահի պաշտոնակատարի նշանակման կարգն էլ իրականացվել է բոլոր հնարավոր և անհնարին նորմերի խախտման պայմաններում: Որոշ մարզերում իշխանությունը դե ֆակտո պատկանում է զինված խմբավորումներին: Եվ ամենակարևորն այն է, որ այս գործընթացը շարունակվում է:
«Հաճախ հարցնում են, թե Ուկրաինան ե՞րբ կընկնի: Ցավոք, պետք է ասել, որ Ուկրաինան արդեն ընկել է: Ուկրաինայում իրավիճակը ծայրահեղ ծանր է: Ուկրաինան այսօր իրենից պետություն չի ներկայացնում: Եթե մայիս ամսին երկրում հաջողվի անցկացնել նախագահական ընտրություններ, դա ամենամեծ հաջողությունը կլինի: Իմ կարծիքով՝ Ուկրաինան դարձյալ հավաքելու շանսեր կան, կստացվի՞, թե ո՞չ, չգիտեմ» ,- հավելեց բանախոսը:
Անդրադառնալով Ղրիմում տեղի ունեցող զարգացումներին, քաղաքագետը նշեց, դե յուրե ինքնավարությունը, դե ֆակտո ինքնավարության լիազորություններ չունի և բնական է, որ երկրամասը, որտեղ առկա է ռուս բնակչության մեծամասնություն, պետք է նման կերպ արձագանքեր երկրում տեղի ունեղող զարգացումներին:
«Ինչպե՞ս է անցկացվելու հանրաքվեն` պարզ չէ: Կիևից արդեն հայտարարում են, որ դրա արդյունքները լեգիտիմ չեն լինի: Խորը կասկած է առաջացնում հենց Կիևի կենտրոնական իշխանության հայտարարության լեգիտիմությունը: Այս պայմաններում էլ նախագահ Յանուկովիչը արդեն երկու օր է պատրաստվում է Ռոստովում ասուլիս տալ»,- ասաց բանախոսը:
Քաղաքագետի խոսքերով, Ղրիմը ո´չ Աբխազիա է, ո´չ էլ Հարավային Օսիա, ունի 3 միլիոն բնակչություն, որի եկամտի հիմնական աղբյուրը հանգստյան գոտիներն են:
«Թեև Ղրիմի բնակչության մեծամասնությունը ռուսներ են, բայց այնտեղ կա նաև ուկրաինախոս և ուկրաինակենտրոն բնակչություն, իսկ բնակչության 10 տոկոսը թաթարներ են, ովքեր չափազանց համախմբված համայնք ունեն և չեն ընդունի որևէ ռուսական բան Ղրիմում»,- նշեց Ալեքսանդր Իսկանդարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով