Գերու նկատմամբ բռնությունը` լուրջ ազդանշան
ՀՀ քաղաքացի Մամիկոն Խոջոյանը, ով նախկինում ազատազրկման մեջ էր գտնվում Բաքվում, հայրենադարձվել է Հայաստան՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանու ներքո ։ Նշենք, որ 77-ամյա Խոջոյանը հոգեկան խնդիրներ ուներ ու մոլորվելու հետևանքով ադրբեջանական տարածքում էր հայտնվել 2014 թվականի հունվարի 28-ին:
Հայրենադարձվելուց հետո Մամիկոն Խոջոյանը տեղափոխվել է Իջևանի բժշկակական կենտրոն, որտեղ անցկացված հետազոտությամբ նրա մարմնի վրա հայտնաբերվել են բազմաթիվ կապտուկներ, կոտրվածքներ և վնասվածքներ: Նշված վնասվածքների մասին չէր ասվել ադրբեջանական լրատվամիջոցների կողմից նախկինում հեռարձակված տեսանյութերում և հաղորդագրություններում, ինչը վկայում է, որ Մամիկոն Խոջոյանը վնասվածքները ստացել է ադրբեջանական կողմում գերության մեջ գտնվելու ժամանակահատվածում:
ՀՀ ՊՆ-ից տեղեկացրել են, որ «Մեկ ամսից ավել գերության մեջ մնալուց հետո հոգեկան հիվանդությամբ տառապող Մամիկոն Խոջոյանը ՀՀ իշխանությունների խնամքին է հանձնվել առողջական լուրջ խնդիրներով»:
Վերին Կարմիր Աղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանը, որի ղեկավարած համայանքում է բնակվում Խոջոյանը, Panorama.am-ին հայտնել է, որ «Մ.Խոջոյանի վիճակը շատ ծանր է` տարեց մարդու մարմնի վրա բազմաթիվ բռնության հետքեր կան, նա ոչ մեկին չի ճանաչում և գրեթե չի խոսում: Միայն բժշկի հարցին ի պատասխան ասել է, որ այսքան ժամանակ քնել է ցեմենտի վրա…»:
Միաժամանակ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ Խոջոյանը նաև հրազենային վնասվածք ունի:
Հաշվի առնելով Խոջոյանի մեծ թվով վնասվածքները, այդ թվում` ձեռքը ջարդված լինելու հանգամանքն ու հրազենային վնասվածքը, պարզ է դառնում, թե ինչու էր Ադրբեջանը հունվարի 28-ից հետո, հետևողականորեն փորձում վերջինիս ներկայացնել որպես դիվերսանտ:
Ադրբեջանն ամեն ինչ անում էր Խոջոյանի` սահմանի հատման միջադեպը ներկայացնել որպես դիվերսիոն գործողության` արդարացնելու վերջինիս վիրավորելու փաստը, իսկ վիրավորվելու հանգամանքը ներկայացնելու որպես փոխհրաձգության արդյունք:
Ադրբեջանական այս ծուղակն ակնհայտորեն չաշխատեց, ինչը հատկապես պարզ է դառնում Կարմի Խաչի միջազգային կոմտեի պաշտոնական հաղորդագրությունից. «Հայաստանցի քաղաքացիական անձը, ով նախկինում ազատազրկման մեջ էր գտնվում Բաքվում, հայրենադարձվել է Հայաստան՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանու ներքո»:
Ամեն դեպքում այս գործում առանցքային դերակատարություն ունեցող միջազգային կառույցը, Խոջոյանին իր պաշտոնական հաղորդագրությունում ներկայացրել է որպես քաղաքացիական անձ, այլ ոչ թե զինծառայող, ինչպես որ Ադրբեջանն էր վերջինիս պատոնապես ներկայացնում:
Միաժամանակ նկատենք, որ քաղաքացիական անձանց գերության մեջ գտնվելու հարցը կարգավորվում է ՄԱԿ-ի 1949 թվականի օգոստոսի 12-ին ընդունված կոնվենցիայով , որի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանը միանգամից մի քանի դրույթներով խախտել է կոնվենցիան:
Ամենայն հավանականությամբ, Խոջոյանի նկատմամբ բռնության հարցը առաջիկայում կներկայացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ինչպես նաև` մարդու իրավունքների հարցով զբաղվող միջազգային կազմակերպություններին:
Բարեբախտաբար Խոջոյանն արդեն հայրենիք է վերադարձվել ու օրակարգում այս պահին միայն զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի հարցն է, ով 2013 թվականի օգոստոս 9-ից Ադրբեջանում է: Խոջոյանի նկատմամբ իրականացված բռնությունները լուրջ ազդանշան են և ԿԽՄԿ-ի և համանախագահների համար` ամեն ինչ անելու վերջինս հարցին արագ լուծում տալու համար:
Փորձագետ Տիգրան Աբրահամյան