Պ-ն Աշոտյան, ամեն անգամ, երբ փորձեք հրեշտակային բարեփոխչի կերպարով թևածել ԱԺ-ում, ես կիջեցնեմ ձեզ պարկետին. Ն.Փաշինյան
«Այս նախագծով առաջարկվում է բուհերի որոշակի շերտերի պատկանող ուսանողների համար նախատեսել որոշակի զեղչեր ուսման վարձերի հետ կապված և բացել որոշ հնարավորություններ: Սա լավ է, բայց սա չի նշանակում, որ այդ լավ ձևակերպված և նախագծի կիրարկման արդյունքները պետք է պարտադիր լինեն դրական և դրա բազմաթիվ օրինակներն ունենք»,- ԱԺ-ում շարունակվող քննարկման ժամանակ քիչ առաջ հայտարարեց ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը:
Նշենք, որ երկրորդ օրն է խորհրդարանը քննարկում է կառավարության առաջարկած փոփոխությունների փաթեթը «Կրթության մասին» օրենքում:
Նիկոլ Փաշինյանը մատնանշեց, որ հակառակն ավելի ցայտուն է և որպես օրինակ բերեց ՀՀ Սահմանադրությունը, որտեղ, ըստ բանախոսի, ոսկեղենիկ հայերենով շարադրված են փայլուն մտքեր, բայց դուրս գալով փողոց հասկանալի է դառնում, որ իրականությունը ոչ մի ընդհանուր բան չունի գրված ոսկեղենիկ տեքստերի հետ:
«Սա նշանակում է, որ գաղափարների ու օրենքների կիրարկումը կապված է ոչ միայն ձևակերպումների գեղեցկության, այլև այն միջավայրի, մտադրությունների ու մթնոլորտի հետ, որ հաստատված է: Այս իմաստով՝ ի՞նչ մթնոլորտ է Հայաստանի բուհական համակարգում: Հանրությունը վերջերս երկու շատ ուժեղ ապտակ ստացավ՝ դեկտեմբերին և փետրվարին, երբ ակնհայտ դարձավ, որ բուհական համակարգում ստեղծվում են «երիտհանրապետական» խմբակներ, որոնք անհրաժեշտ պահի օգտագործվում են ամենակեղտոտ նպատակներով»,- հայտարարեց Ն.Փաշինյանը:
Նա նաև հետաքրքրվեց՝ «հիմա ինչպե՞ս են կորյունաթոյանները ստիպում այդ ուսանողներին իրականացնել այդպիսի կեղտոտ առաջադրանքներ այդ նույն ֆինանսական արտոնությունների գործադրմամբ, ինչպես օրինակ փետրվարի հայտնի միջադեպից հետո հայտնի դարձավ, որ այդ միջադեպի ամենակարկառուն մասնակիցներից մեկը պատժվելու փոխարեն շահել է 400 հազար դրամ արժողությամբ ինչ-որ գործուղում: Այսինքն ՀՀԿ ղեկավարությունը՝ և՛ բուհի, և՛ կառավարության, և՛ նախարարության պարգևատրել է այդ հարձակման մասնակցին: Ընդ որում այդ հարձակման գլխավոր անձերից մեկին մենք կարող ենք տեսնել լուսանկարներում խրոխտ քայլելիս Սերժ Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի, Արմեն Աշոտյանի հետ.... »,- հայտարարեց Ն.Փաշինյանը:
«Հիմա այս փաստերը հաշվի առնելով ԿԳ նախարարին երեկ տալիս եմ շատ պարզ հարց, որպեսզի մենք բոլորս ունենանք որոշակի հիմքեր, հավաստիացումներ, որ այ էս սոցիալական արտոնությունները չեն օգտագործվելու նրանցից նոր երիտհանրապետական խմբակներ ստեղծելու համար: Բայց ԿԳ նախարարը փոխանակ պատասխանի իրեն ուղղված հարցին ԱԺ ամբիոնից շուտասելուկներ է ասում, հանելուկներ, սրամտություններ ու սրախոսություններ անում: Պարոն Աշոտյան, վերջին շրջանի քննարկումներին, ձեր ելույթներին հետևելով ուզում եմ ձեզ ասեմ պատասխանատու կերպով՝ դուք լրջանալու կարիք ունեք: Սա Клуб веселых и находчивых-ի պոլուֆինալը չի, որ այստեղ գաք հարցերի մասին շուտասելուկներով, հանելուկներով պատասխանեք: Աշոտյանն ասում է՝ հա բայց էդ ուսանողները ներողություն են խնդրել... Բայց Հայաստանի որևէ օրենքի, որևէ կետում ներողություն անունով կարգապահական տույժ գոյություն չունի և եթե ներողությունը համարում եք տվյալ հարցի լուծում, ուրեմն ոնց տեսախցիկների առաջ լկտիաբար հռհռալով հայհոյեցին լրագրողներին, ապա այդպես էլ ասուլիս հրավիրեն այդ նույն լրագրողների համար ու տեսախցիկների առաջ ասեն, որ ներողություն են խնդրում»,- դիմելով կոնկրետ Արմեն Աշոտյանի հայտարարեց Փաշինյանը:
Ապա շարունակեց հղում անել ԿԳ նախարարի երեկվա ելույթի շեշտադրումներին. «Ասում է՝ եկեք չխոսենք այդ մասին, իբր խոսացինք, էլի, անցավ գնաց: Չխոսենք ընտրությունների կեղծված լինելու մասին, մարտի մեկի մասին, կոռուպցիայի.... Ոչ, չի լինի տենց, պետք է խոսենք ու հետապնդենք այնքան, մինչև համապատասխան հետևություններ արվեն: Ինչո՞ւ է ասում պարոն Աշոտյանը չխոսենք: Որովհետև ինքը սովորել է գալ այս ամբիոնից հրեշտակի կերպարով, ինչպես ինքն էր երեկ ասում այս ամբիոնից՝ թևածել ԱԺ դահլիճում: Ոչ, պարոն Աշոտյան, ամեն անգամ, երբ դուք փորձեք այդպիսի հրեշտակային բարեփոխիչի կերպարով թևածել այս դահլիճում ես ինքս իջեցնելու եմ ձեզ պարկետի վրա»,- հայտարարեց նա ու խնդրեց նախարարին՝ սա արձանագրեք:
Պատգամավորն ավելացրեց նաև, որ Աշոտյանի խոսելուց այնպիսի տպավորություն է, թե կրթական համակարգը փրկել են, իրականում, սակայն, հանրային գիտակցության մեջ նախարարի կառուցած կրթական համակարգի ամենատեսանելի, ամենահասկանալի սիմվոլները «սաքուլիկներն են»:
Նախորդիվ՝
Քաղաքական թիմերի սոցիալական կախվածությունը. Փաշինյան-Աշոտյան բանավեճ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները