Կոնգրեսականներ Ադամ Շիֆի և Բրեդ Շերմանի հայտարարությունները` Քեսաբի դեպքերի վերաբերյալ
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգը ներկայացնող դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆը հանդես է եկել «Ալ-Կաիդայի» հետ կապված ահաբեկիչների կողմից Քեսաբի հայերի և քրիստոնյաների դեմ իրականացրած հարձակման վերաբերյալ հայտարարությամբ: Այս մասին հայտնում է Asbarez-ը:
«Ալ-Կաիդայի» հետ կապված ահաբեկիչների կողմից Սիրիայի հյուսիսում` Քեսաբ գյուղում, հայերի և այլ քրիստոնյաների դեմ դաժան հարձակումները սարսափելի են: Այս հարձակումները, որոնք, ըստ ստացված տեղեկությունների, ծագել են Թուրքիայում, արտացոլում են անբարոյականության խորացումը, որին հասել է Սիրիայի պատերազմը: Ես կապ եմ հաստատել Պետդեպարտամենտի հետ և ինձ հավաստիացրել են, որ աշխատում են հայ, սիրիացի և թուրք պաշտոնյաների հետ` պարզելու, թե կոնկրետ ինչ է տեղի ունեցել և ինչպես կանխեն հետագա նմանատիպ բարբարոսությունները»,-ասել է Շիֆը:
«Սիրիայի քաղաքացիական պատերազմը աղետ է Սիրիայի ողջ ժողովրդի համար, հատկապես խոցելի փոքրամասնությունների: Ես արդեն բազմաթիվ ճակատներով աշխատում եմ սիրիացի քրիստոնյաներին օգնելու ուղղությամբ և երաշխավորում եմ, որ մարդասիրական օգնությունը հասնելու է Սիրիայի բոլոր քաղաքացիներին»,-ասվում է հայտարարության մեջ:
Քեսաբի դեպքերին արձագանքել է նաև կոնգրեսական Բրեդ Շերմանը:
«Ես խորապես մտահոգված եմ Քեսաբի սարսափելի իրավիճակով: Ըստ տեղեկությունների` ծայրահեղական ուժերը սահմանը հատել են` Թուրքիայից անցնելով Քեսաբի` տարածք, որը մեծամասամբ բնակեցված է հայերով: Հարյուրավոր ընտանիքներ, իրենց անվտանգության նկատմամբ վախից ելնելով, ստիպված էին լքել իրենց տները: Տեղեկություններ կան, որ ուժերը, որոնք մտել էին Քեսաբ, պղծում են եկեղեցիներ և թալանում հայերի տները: Ես կապ եմ հաստատել Պետդեպարտամենտի հետ և կոչ արել անհրաժեշտ քայլեր ձեռնարկել` օգնելու Սիրիայի հայերին: Թուրքիան պետք է անհապաղ գործողություններ ձեռնարկի` կանխելու ծայրահեղականների հարձակումները հայերի դեմ»,-ասել է Շերմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան