Հայկ Բաբուխանյան. Եվրասիական միությունը ռեալ մակրոտնտեսական միավորում է
«Եվրասիական միությունը ռեալ մակրոտնտեսական միավորում է, որը հնարավորություն կտա կառույցի անդամ երկրների տնտեսություններին դուրս գալ ինտեգրացիայի և զարգացման առավել բարձր մակարդակի»,- «Եվրասիական ընտրություն» խորագիրը կրող Երևան-Մոսկվա-Թբիլլիսի-Քիշնև տեսակամուրջի ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԽ խմբակցության անդամ Հայկ Բաբուխանյանը:
Հիշեցնենք, որ Ղազախտանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը 1994 թ մարտի 29-ին Մոսկվայի Պետական համալսարանում իր ելույթում առաջին անգամ հնչեցրեց Եվրասիական միության ստեծման գաղափարը: Այս իրադարձության 20-ամյակին էր նվիրված միջառումը:
«Ռուսաստանի և արևմտյան երկրների հետ հավասարակշռված հարաբերություններ զարգացնելու տարբեր երկրների փորձերը բաղվեցին որոշակի բարդությունների: Այդ բարդությունների գլխավոր պաճառը, իմ կարծիքով, արևելք չծավալվելու և Ռուսաստանի սահմաններին չմոտենալու մասին «ջենտլմենական համաձայնության» խախտումն էր ՆԱՏՕ-ի կողմից: Պարզ էր, որ Ռուսաստանը և նրա դաշնակիցները չէին կարող անմասն մնալ այս հարցում: Այդ պատճառով ներկայումս մենք ունենք բավականին բարդ իրավիճակ:Ինչ վերաբերում է Հայաստանին` Հայաստանը միշտ փորձել է պահպանել բարեկամական հարաբերությունները Ռուսաստանի` մեր գլխավոր դաշնակցի հետ և մեր արևմտյան գործընկերների` Եվրամիության, ԱՄՆ-ի հետ»,-ասաց Հ. Բաբուխանյանը:
«Եվրասիական միությունը ռեալ մակրոտնտեսական միավորում է, որը հնարավորություն կտա մեր տնտեսություններին դուրս գալ ինտեգրացիայի և զարգացման առավել բարձր մակարդակի: Այս ընտրությամբ մենք լուծում ենք նաև քաղաքակրթական ինտեգրացիոն գործընթացի հարցերը»,- հավելեց բանախոսը:
Իր հերթին տեսակամուրջին մասնակցող ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը նշեց, որՀայաստանն այն երկիրն է, որը քաղաքակրթական հարաբերություններում իրեն տեսնում է եվրասիական միջավայրում, քաղաքական տեսանկյունից էլ ` զարգացնում է դեմոկրատական ինստիտուտները:
«Իհարկե, Հայաստանը Մաքսային միության և Եվրասիական տնտեսական տարածքի անդամ է, և տնտեսական ինտեգրումը Հայաստանին ավելի շատ հնարավորություններ կտա` աշխատել հսկայական տնտեսական տարածքի վրա և կընդլայնի իր ավանդական քաղաքական կապերը: Հայաստանը նաև ՀԱՊԿ-ի անդամ է և գտնվում է հարավարևելյան ուղղության առաջնամասում: Այս տեսանկյունից մենք գտնվում ենք հսկայական աշխարհաքաղաքական գոտու մեջ, որտեղ տեղի են ունենում բազմաթիվ ռազմական, ռազմաքաղաքական և քաղաքական գործընթացներ:
Միևնույն ժանամակ` Հայաստանի համագործակցությունը ԵՄ-ի հետ ուղղված է մեր քաղաքական, իրավական ինստիտուտների բարեփոխմանը, տնտեսական ինստիտուտների կատարելագործմանը, ինչը մեզ համար կարևոր է` առավել մրցունակ պետական-քաղաքական ենթակառուցվածքների ստեղծման մասով:Հայաստանում զարգանում է նաև քաղաքացիական հասարակությունը, ինչը մենք տեսնում ենք: Այս տեսանկյունից Հայաստանի համար եվրասիական ինտեգրումը մնում է շատ կարևոր ռազմավարություն»,- ասաց Մ. Շահգելդյանը: