Ադրբեջանական ԶԼՄ-ները Իլհամ Ալիևի՝ Իրան կատարած այցի վերաբերյալ սխալ տեղեկատվություն են հրապարակում
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին պաշտոնական այցով մեկնել էր Իրան, որտեղ առանձին հանդիպումներ էր ունեցել ԻԻՀ հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի և նախագահ Հասան Ռոհանիի հետ:
Ադրբեջանական մամուլը, լուսաբանելով Ալիևի այցը, որոշ թեմաների վերաբերյալ կամ սխալ տեղեկատվություն է հրապարակել, կամ էլ ընդհանրապես չի անդրադարձել դրանց:
Նախ անդրադառնանք Հասան Ռոհանիի՝ ԼՂ վերաբերյալ արած հայտարարությանը.
ԻԻՀ նախագահի պաշտոնական կայքը հաղորդում է, որ նախագահների հանդիպումից հետո տեղի ունեցած համատեղ մամլո ասուլիսի ընթացքում Հասան Ռոհանին, անդրադառնալով տարածաշրջանային հակամարտություններին, մասնավորապես նշել է. «Մենք պետք է մեր ողջ ջանքերը գործադրենք, որպեսզի տարածաշրջանային խնդիրները, այդ թվում՝ ղարաբաղյան հակամարտությունը, լուծվեն արդարության և միջազգային նորմերի շրջանակներում: Տարածաշրջանում սահմանների աշխարհագրական փոփոխությունը մեր կարծիքով ընդունելի չէ, հետևաբար մենք պետք է ջանքեր գործադրենք, որպեսզի առկա տարաձայնությունները ստանան խաղաղ և քաղաքական լուծում»:
Նշենք, որ իրանագետ Ա. Իսրայելյանը, Panorama.am-ին տված հարցազրույցում , վերլուծելով Ռոհանիի հայտարարությունը, նշել էր. «Ռոհանիի այդ հայտարարությունը երկու կարևոր «մեսիջ» էր պարունակում:
Առաջին. Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Իրանի՝ թյուրքալեզու իրանցիներով բնակեցված նահանգները չեն կարող շահարկման առարկա դառնալ:
Երկրորդ. Արդեն երկու տասնամյակից ավել գոյություն ունեցող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեֆակտո սահմանները փոփոխման ենթակա չեն»:
Ինչ վերաբերում է Իլհամ Ալիևի և Ալի Խամենեիի հանդիպման մանրամասներին՝ ապա Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ ԻԻՀ հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե իբր «Իրանը կողմ է ղարաբաղյան հակամարտության լուծմանը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»:
Անդրադառնալով ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած ապատեղեկատվությանը՝ նշենք, որ ուսումնասիրելով ԻԻՀ հոգևոր առաջնորդի պաշտոնական կայքը, նկատում ենք, որ Ալի Խամենեին որևէ անդրադարձ չի կատարել ղարաբաղյան հակամարտությանը:
Ավելին, Ալի Խամենեին Իլհամ Ալիևին նախազգուշացրել է, որ «Որոշ ուժեր, այդ թվում սիոնիստական ռեժիմը (Իսրայել) դժգոհ են Իրան-Ադրբեջան ամուր հարաբերություններից և շարունակաբար խափանում են հարաբերությունների ամրապնդման ընթացքը, սակայն լրջությամբ ու քաղաքական վճռակամությամբ հնարավոր է հաղթահարել նրանց խափանիչ գործողությունները»:
Մինչդեռ ուսումնասիրելով Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը, նկատում ենք, որ Խամենեիի վերոնշյալ հայտարարությունը բացակայում է կայքում:
Ավելին՝ Ա. Խամենեիի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ ի պատասխան ԻԻՀ հոգևոր առաջնորդի դիտարկումներին, Իլհամ Ալիևը հայտարարել է. «Իրանի հզորությունը դա՝ Ադրբեջանի հզորությունն է. Երկու երկրների ամուր կապերը թույլ չեն տա, որպեսզի երկկողմ հարաբերությունները որևէ բացասական ազդեցություն կրեն»: