Կարծիքներ. 4 տարիների ընթացքում, Ադրբեջանը 3.35 միլիարդ դոլարի սպառազինություն է ներկրել, որի 80%-ը ՌԴ-ից
Ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը վերլուծական հոդվածով անդրադարձել է Բաքվում կայացած ԱՊՀ անդամ երկրների գլխավոր շտաբի պետերի կոմիտեի նիստին, ինչպես նաև` ՌԴ-ի մտահոգությանը` Ադրբեջան-Թուրքիա ռազմական հարաբերությունների ընդլայմանը: Հոդվածում նշվում է, որ նիստը համընկել է Ռուսաստանի կողմից, Ադրբեջանի դաշնակից Ուկրաինայի տարածքի օկուպացմանը, որի մասին վերոնշյալ նիստում ոչինչ չի խոսվել. չի բացառվում, այդ մասին քննարկվել է կուլիսներում:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ ՌԴ մտահոգությունները բնական են, քանզի Ուկրաինայում ստեղծված իրավիճակի շուրջ, ՌԴ-ի կողմից իրականացվող քաղաքականության հարցում տարաձայնություններ ունի ոչ միայն Ադրբեջանը, այլ Թուրքիան: Նրա խոսքերով, եթե Ադրբեջանն այդ տարաձայնությունն անուղղակի ձևով է հիմնականում արտահայտում, ապա Թուրքիայի մոտ ակտիվությունն առավել ընդգծված է:
Պատգամավորը նշեց, որ թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցության խորացումը անհանգստություն է առաջացնում նաև Հայաստանի համար ու ենթադրվում է, որ առաջիկայում Հայաստանն ու Ռուսաստանն առավել կամրապնդեն իրենց հարաբերությունները ռազմաքաղաքական ոլորտում:
«Թուրան» լրատվական գործակալությունը նաև տվյալներ է ներկայացրել վերջին 4 տարիների ընթացքում ՌԴ-ի կողմից Ադրբեջանին վաճառած սպառազինության մասին:
«Վերջին 4 տարիների ընթացքում, Ադրբեջանը 3.35 միլիարդ դոլարի սպառազինություն է ներկրել, որի 80%-ը Ռուսաստանից, այդ թվում` «S-300» հրիթռային համակարգեր, 94 «T-90S» տանկեր, «Ми-35М» տիպի ուղղաթիռներ, «БМП-3» տիպի 100 զրահապատ մեքենաներ: ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հետ ունեցած հանդիպման ժամանակ, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ընդգծել էր, որ Ադրբեջանը ՌԴ-ից ժամանակակից սպառազինություն է ստանում, ինչը նպաստում է Ադրբեջանի պաշտպանողական հնարավորությունների ամրապնդմանը»:
Ռազմական փորձագետ Գագիկ Կարապետյանն այս առնչությամբ ասաց, որ Ռուսաստանը սպառազինություն արտահանող գերտերություն է ու փորձում է դա օգտագործել ոչ միայն իր բիզնես շահերի համար, այլ ազդել տարբեր երկրների վրա, այս դեպքում` Ադրբեջանի:
«Ռուսաստանն Ադրբեջանին սպառազինություն վաճառելով` քաղաքական, տնտեսական քաղաքականության վրա ազդելու լծակներ է ստեղծում, ինչն անհրաժեշտություն է: Միաժամանակ, Ռուսաստանը «մատը պուլսին է պահում», որովհետև, համենայնդեպս հիմա, Հարավային Կովկասում անկայությունը չի բխում Մոսկվայի շահերից: Մյուս կողմից, Հայաստանը «ձեռքերը ծալած չի նստում», անընդհատ հզորացնում իր ռազմական պոտենցիալը»,- ասաց Գ. Կարապետյանը:
Ռազմական փորձագետը նշեց, որ Ադրբեջանին վաճառվող սպառազինության նմուշների մեջ կարելի է տեսնել և ժամանակակից, պրակտիկ զինատեսակներ և իրենց չարդարացրած այնպիսի զինտեխնիկա, ինչպիսին, օրինակ «T-90» տանկերն են:
«Եվ պատահական չէ, որ Ռուսաստանում «T-90» տանկերը զանգվածային արտադրություն չունեն և ամբողջովին ընդգրկված չեն ՌԴ զինված ուժերում»,- նշեց վերջինս:
Գ. Կարապետյանը նշեց, որ Հայաստանի ու Ռուսաստանի միջև ռազմական համագործակցությունն առավել բարձր մակարդակում է և առկա միտումները ցույց են տալիս, որ դրանք գնալով խորանում են:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան