Ն.Զոհրաբյան. Ուղղակի պարտավոր ենք կասեցնել վտանգավոր, ավերիչ աղանդների շքերթը մեր երկրներում
Նախօրեին երեկոյան ԵԽԽՎ լիագումար նիստում քննարկվել է քայքայիչ աղանդների դեմ պայքարն ու անչափահասներին աղանդների մեջ ներշաքելու անթույլատրելության հարցը: ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ԲՀԿ-ական անդամ Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ քարտուղարությանն է հանձնել այդ թեմայով ելույթի իր տեքստը, որում մտահոգություն է արտահայտում, թե դեռ քանի ընտանիք պիտի կործանվեր, քանի անչափահաս, որպեսզի Վեհաժողովը վերջապես անդրադառնար քայքայիչ աղանդներին և նրանց կործանարար հետևանքներին:
Նշելով, որ ողջունում է եվրոպացի գործընկերոջ` Ռուդի Սալեսի ներկայացրած զեկույցը, Ն. Զոհրաբյանն ասել է, որ ինքն անձամբ այն համարում է շատ ուշացած.
«Երկու տարի առաջ, ես որպես Հայաստանի խորհրդարանի պատգամավոր, իմ մի քանի գործընկերների հետ մեր խորհրդարանում նմանօրինակ նախագիծ ներկայացրեցինք, որը տալիս էր «հոգեորսության» սահմանումը և որը հնարավորություն կտար օրենքի ուժով մեր քաղաքացիներին, անչափահասներին պաշտպանել վտանգավոր աղանդներից: Այն ժամանակ, սակայն, մեր հարգարժան Վենետիկի հանձնաժողովը անասելի աղմուկ բարձրացրեց մեր նախագծի շուրջ` այն համարելով խղճի ազատության ոտնահարում: Այսօր մեր գործընկերը շատ ավելի խիստ շեշտադրումներով և աղանդների դեմ պայքարի շատ ավելի խիստ պահանջներով նախագիծ է ներկայացրել և դա միանգամայն ողջունելի է:
Եթե մենք խոսում ենք մարդու իրավունքներից ու չենք պայքարում այն աղանդների դեմ, որոնք մարդուն դարձնում են շատ դեպքերում ստրուկ, ոտնահարելով նրա ցանկացած իրավունք, ապա մենք ուղղակի զբաղվում ենք երեսպաշտությամբ: Մենք ուղղակի պարտավոր ենք կասեցնել վտանգավոր, ավերիչ աղանդների շքերթը մեր երկրներում, որոնք շատ դեպքերում օգտվելով մարդկանց սոցիալական ծայրահեղ վիճակից` ընտանիքներին, անչափահասներին, տանում են դեպի երաշխավորված կործանում: Միանգամայն համաձայն եմ զեկուցողի հետ, որ պետք է ուժեղացնել քրեական օրենսդրության այն դրույթները, որոնք պատիժ են նախատեսում մարդկանց և առաջին հերթին անչափահասներին տարբեր ֆիզիկական և հոգեբանական ազդեցությունների միջոցով այս կամ այն աղանդից կախյալ դարձնելը: Նույնը, ի դեպ, շատ ավելի մեղմ շեշտադրումներով, առաջարկում էինք ես և իմ գործընկերները, սակայն Եվրոպայի խորհրդից այն ժամանակ եկած «դատավիճռը» կասկածելիորեն լիբերալ էր քայքայիչ աղանդների դեմ:
Ես հույս ունեմ, որ այսօր իրավիճակ է փոխվել, տեսնելով, թե ինչ ավերածություններ են անում նմանօրինակ աղանդները: Երբ քաղաքացու, անչափահասի շահերը վտանգված են, անհրաժեշտ է գտնել ճիշտ հավասարակշռություն մարդու հիմնարար արժեքների և կրոնի ազատության միջև: Ես կոչ եմ անում կողմ քվեարկել այս շատ կարևոր զեկույցին և կոչ անել ազգային խորհրդարաններին` անհապաղ ձեռնամուխ լինել քայքայիչ աղանդների դեմ պայքարի լրջագույն օրենսդրության մշակմանը»,- շեշտել է պատգամավորը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան