Տեսակետներ. Ադրբեջանն Իրանի համար վերածվել է անվտանգության սպառնալիքի
Իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Ադրբեջանի նորանշանակ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր երկօրյա այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն:
Իրանագետ Արմեն Իսրայելյանը Panorama.am-ի հետ զրույցում հիշեցրեց, որ ԻԻՀ նորընտիր նախագահ Հասան Ռոհանին դեռևս նախընտրական քարոզչության ժամանակ հայտարարել էր, որ Ադրբեջանն Իրանի համար վերածվել է անվտանգության սպառնալիքի:
«Կասպից ծովի իրավական կարգավիճակի հարցը, սահմանային բախումները, իրանա-ադրբեջանական սահմանում Իսրայելի կողմից իրականացվող հետախուզական գործողությունները, ինչպես նաև Ադրբեջանի կողմից ղարաբաղա-ադրբեջանական սահմանում հաճախակի իրականացվող դիվերսիոն գործողությունները բացասաբար են ազդում Իրանի անվտանգության միջավայրի վրա և պաշտոնական Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ մտահոգված է իր հյուսիսային սահմանների անվտանգությամբ»,- ասաց Ա. Իսրայելյանը:
Նրա խոսքերով, վերջին տարիներին ԱՄՆ-ն և Իսրայելը Ադրբեջանը դիտել են որպես Իրանի վրա հնարավոր ռազմական հարձակման տարածք:
«Դա է վկայում նաև Իսրայելից Ադրբեջանի ձեռք բերած սպառազինությունը: Թեհրանը, միշտ էլ զգուշավորությամբ է մոտեցել Ադրբեջանի իշխանությունների հայտարարություններին, թե իրենց տարածքը չի օգտագործվի Իրանի դեմ հնարավոր հարձակման ժամանակ: Բացի այդ, վերջին տարիներին Իրան-Ադրբեջան սահմանում հաճախակիացել են զինված բախումները: Վերջին երեք տարվա ընթացքում իրանա-ադրբեջանական սահմանում շուրջ մեկ տասնյակ զինված բախում է արձանագրվել: Ադրբեջանը գտնվում է Աֆղանստանից Եվրոպա թմրանյութերի տարանցման ճանապարհին:
Ինչպես պնդում են Իրանի սահմանապահ ծառայության հրամանատարն ու Բաքվում ԻԻՀ դեսպանը՝ Ադրբեջանը թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում չի համագործակցում Իրանի հետ: Իրանի դեսպանի խոսքով՝ Ադրբեջանում թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվող բանդաներ կան ձևավորված. թմրանյութերի ներկրումը Կովկաս հիմնականում կառավարվում է Ադրբեջանում գործող այդ բանդաների կողմից,- ասաց իրանագետը:
Ըստ նրա` Ադրբեջանի նորանշանակ պաշտպանության նախարարի այցի ընթացքում ի թիվս այլ հարցերի, հենց այդ հարցերն էլ կքննարկվեն և վերոնշյալ խնդիրների շուրջ Իրանը պաշտոնական Բաքվից հստակ պատասխաններ կակնկալի:
Ռազմական փորձագետ Սամվել Պետրոսյանը նշեց, որ համամիտ է այն տեսակետին, որ Ադրբեջանն Իրանի համար վերածվել է անվտանգության սպառնալիքի:
«Ռազմական համագործակցությունը որպես կանոն ուղիղ համեմատական է երկու երկրների քաղաքական հարաբերությունների մակարդակին ու հաշվի առնելով Ադրբեջան-Իրան հարաբերություններում առկա «խնդիրների փաթեթը», դժվար է ակնկալել, որ այս երկու երկրները ռազմական առումով լուրջ համագործակցություն կծավալեն»,- ասաց Ս. Պետրոսյանը:
Ըստ ռազմական փորձագետի, բացի քաղաքական հարցերից առկա է նաև Իսրայելի գործոնը, ով Ադրբեջանի առանցքային դաշնակիցներից է, սպառազինության հիմնական մատակարարներից մեկը, ում հետ Ադրբեջանը նկատելի կամ քողարկված ձևով պայքարում է Իրանի աճող դերակատարության դեմ:
«Քանի Իրան-Իսրայել հարաբերությունները ռազմա-քաղաքական հարթությունում շարունակվում են զարգանալ, Իրան-Ադրբեջան համագործակցությունը ռազմական բնագավառում խորը զարգացման հեռանկար չունի»,- հավելեց ռազմական փորձագետը: