Նոր նախարարը ներկայացվեց աշխատակազմին, իսկ նախկին նախարարը առաջիկայում կանցնի այլ աշխատանքի
«Ես ուզում եմ Արամ Հարությունյանին շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար, մենք երկար տարիներ աշխատել ենք միասին, ԱԺ նախագահի պաշտոնում լինելով նույնպես շատ եմ աշխատել, շփվել պարոն Հարությունյանի հետ և ես ուզում եմ այս տարիների համատեղ աշխատանքի համար շնորհակալություն հայտնել ՀՀ նախագահի և անձամբ իմ անունից»,- Բնապահպանության նախարարության աշխատակազմին նորանշանակ նախարար Արամայիս Գրիգորյանին ներկայացնելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Հ.Աբրահամյանը տեղեկացրեց նաև, որ Ա.Հարությունյանն առաջիկայում կանցնի այլ աշխատանքի:
Իր հերթին Բնապահպանության նախկին նախարարը, նախ, շնորհակալություն հայտնելով հանրապետության ղեկավարից ու վարչապետից այն հնարավորության համար, որ յոթը տարի ղեկավարել է բնապահպանության բնագավառը ասաց, որ նախարարության կոլեկտիվը շատ լավն է և ի վիճակի է վարչապետի կողմից դրված բոլոր խնդիրները նոր նախարարի գլխավորությամբ լուծելու:
«Բնապահպանության ոլորտը շատ զգայուն է: Ուրախությամբ պետք է ասեմ, որ այս տարիների ընթացքում պրոֆեսիոնալիզմը, որը հնարավոր եղավ ներդրվեց բնագավառում հաջողություններ ունենալու համար»,- նշեց Ա.Հարությունյանն ու հաջողություն մաղթեց նորանշանակ նախարարին:
«Հավաստիացնում եմ Ձեզ, պարոն վարչապետ, որ թիմային աշխատանքով կարողանալու ենք արձանագրել հաջողություններ»,- իր խոսքում հայտարարեց նախարար Ա.Գրիգորյանը: