Վլադիմիր Գասպարյանը արձագանքել է Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը
Այսօր Հաղթանակի զբոսայգում մեկնարկած տոնական միջոցառման ժամանակ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը լրագրողների հետ ճեպազրույցում արձագանքել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի հայտարարությանը, թե առաջիկա նախագահական ընտրություններում հաղթանակը շրջանցելու է Մելիք-Ադամյան փողոցը (Հանրապետական կուսակցության գրասենյակի հասցեն): «Գագիկ Ծառուկյանը, հավանաբար, նկատի է ունեցել, որ այնտեղ՝ այդ փողոցում, գծանշաններ պետք է արվեն, երևի փակված կլինի, ուրիշ կողմով պիտի գնան», -ասաց ոստիկանապետը:
Լրագրողի հարցին, թե ինչ է նկատի ունեցել ավելի վաղ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ասելով, թե վարչապետի ու նախագահի պաշտոններին հավակնողները անցնում են Մելիք Ադամյան փողոցով, Գասպարյանն արձագանքեց. «Այս դեպքում նկատի է ունեցել, որ գծանշանները կբացեն, կանցնեն առաջ»:
Դիտարկմանը, թե իշխանությունների՝ գծանշանները բացելով է՞, ոստիկանապետն ասաց. «Ժողովրդի խնդիրը եղել և մնում է տարանջատումը, անջատումը, բաժանումը: Ես կարծում եմ, որ ժողովրդին համախմբվելու ինքնասիրություն է պետք, թե չէ առանձին իրար լափելով ոչինչ դուրս չի գա»:
Հարցին, թե շատ է հնչում այն տեսակետը, որ Քոչարյանի կադրերն են վերադառնում կառավարություն, Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց, որ ինքը կառավարության անդամ չէ, այլ առընթեր է, ապա ավելացրեց, որ երկրում լավ աշխատողը չի կարող լինել այս կամ այն անձնավորության կադրը. «Պետք է լավ աշխատել, պետք է իմն ու քոնը չլինի, պետք է լինի լավ աշխատող ու վատ աշխատող, պարկեշտ ու ամբարիշտ, և պետք է լինի բանսարկության դեմ պայքարող անձնավորություն»:
Լրագրողը հետաքրքրվեց՝ կառավարությունից հեռացածները անպարկ՞եշտ էին, ոստիկանապետը պատասխանեց, որ կառավարությունը թիմ է փոխել, մարդիկ նպատակահարմար են գտել փոփոխություն կատարել, աշխատել մեկ այլ անձի հետ:
Հարակից հրապարակումներ՝
Գ.Ծառուկյան. Առաջիկա համապետական ընտրություններում հաղթանակը այլևս շրջանցելու է Մելիք-Ադամյան փողոցը