Գ.Ծառուկյան. Չի փոխվի վիճակը, մարդկանց կյանքը չի լավանա` ուրեմն երկրում շատ ավելի լուրջ փոփոխություններ են պետք
ՀՀ նոր վարչապետից ու կառավարությունից «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն առաջին հերթին ակնկալում է նոր ծրագիր և նոր մոտեցումներ. պետք է կարողանալ ճիշտ գնահատել երկրի տնտեսության վիճակը: Այս մասին «Կենտրոն» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Նրա համոզմամբ` ինքներս մեզ խաբելու ճանապարհը հեռանկար չունի. «Վերջին տարիներին թույլ են տրվել մի շարք կոպիտ սխալներ, որի արդյունքում տնտեսությունը հայտնվել է բառիս բուն իմաստով կործանման եզրին: Փոքր ու միջին բիզնեսն ըստ էության ոչնչացված է, օտարերկրյա ներդրումներ չկան, ոչ ոք Հայաստանում չի ցանկանում ներդրումներ կատարել: Գյուղի բնակչությունը վարկերի տակ սննկացած վիճակում է, շինարարություն չկա ու մարդիկ տասնյակ հազարներով տուն-տեղ թողած գնում են Հայաստանից: Սա նշանակում է, որ սխալ ծրագրեր են իրականացվել, տարիներ շարունակ կեղծ թվերով ու ցուցանիշներով խաբել են մեր ժողովրդին»:
ԲՀԿ առաջնորդի խոսքով` դժվար է նախանձել այս կառավարությանը, որին դժվար աշխատանք է սպասվում, բայց եթե կառավարությունն ունենա ինչ-որ բան փոխելու կամք ու ցանկություն, ապա, ըստ Գ.Ծառուկյանի, անկախ բոլոր դժվարություններից հնարավոր կլինի իրավիճակը շտկել:
Անդրադառնալով իր ու ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի խնամիական կապին և հարցին, թե արդյոք դա չի խանգարելու ԲՀԿ-ին օբյեկտիվ լինել իր գնահատականներում, Գ.Ծառուկյանն արձագանքել է. «Բարեկամությունը քաղաքական կատեգորիա չէ: Կա նոր վարչապետ, նոր կառավարություն, կտեսնենք ինչ ծրագրեր են բերում և որքանով են իրենց քայլերը համապատասխանում իրենց իսկ ծրագրերին և խոստումներին: Կտեսնենք` ի՞նչ են անում, որ ժողովրդի կենսամակարդակը բարձրանա»:
Նա նաև նշել է, որ կան խնդիրներ, որոնք կարելի է մեկ-երկու ամսում լուծել և մնում է սպասել կառավարությունը կգնա դրան թե ոչ:
«ԲՀԿ խմբակցությունը լինելու է շատ ակտիվ ու չի հանդուրժելու ոչ մի բան, որ ժողովրդի շահերին դեմ կլինի: Իմ ամենամոտ բարեկամը ժողովուրդն է, ես իմ սկզբունքներն ու արժանապատվությունը երբեք չեմ զիջելու. Ոչ ոք դրանում թող չկասկածի»,- ընդգծել է նա:
Նաև նշել է, որ ինքը բազմիցս ասել ու կրկնում է` չի անելու մի քայլ, որից հետո կամաչի նայել մարդկանց աչքերին: Եվ որ պատրաստ է կորցնելու և տուժելու, բայց երբեք չի կորցնի ժողովրդի վստահությունը, չի դավաճանելու իր խոստումներին ու հուսախաբ չի անելու միլիոնավոր մարդկանց: Ու լինելու է նաև սկզբունքային ու վստահելի իր քաղաքական գործընկերների հանդեպ:
«Չի փոխվի վիճակը, մարդկանց կյանքը չի լավանա, ժողովրդի դժգոհությունը մեծ կլինի ուրեմն երկրում շատ ավելի լուրջ փոփոխություններ են պետք: Նոր կառավարությունն ընդունված է, չգիտեմ` 100 օր տալ, 200 օր տալ, սա փորձաշրջան է: Բայց փորձաշրջան է ոչ միայն կառավարության համար, այլ բոլորիս համար: Մի քանի հոգու պատճառով չպետք է տուժի ողջ ժողովուրդը»,- հավելել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները