Հայ պատգամավորները կմեկնեն Բաքու. Կ.Նահապետյան
ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նիստերի քննարկման ու քննադատության հիմնական թեման եղել է Ուկրաինան ու այդ կոնտեքստում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վարած քաղաքականությունը, թեև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն իր ելույթում կարևորել է փոխհամաձայնությունների միջոցով հարցերի կարգավորման անհրաժեշտությունը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՆԱՏՕ-ում հայկական պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը:
Նրա խոսքով, մանրամասն քննարկվել է նաև, թե արդյո՞ք ՆԱՏՕ-ն պատրաստվում է փոփոխություններ մտցնել արևմտյան գործընկերների հետ հարաբերություններում:
«Հաստատվել է 2014-16 թթ-ի համար անհատական գործողությունների նոր ծրագիր: Իսկ երկկողմ հարաբերություններում մենք տեսանք նաև ՀՀ Ազգային Ժողովի հետ հարաբերությունների խորացման միտում. Մեր պատվիրակները տարբեր առաջարկություններ են ներկայացրել և հուսանք, որ դրանք գոհունակությամբ կընկալվեն»,- նշեց Կ.Նահապետյանը:
Իր հերթին պատվիրակության անդամ, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը նշեց, որ Հայաստանը պետք է աշխատի ՆԱՏՕ-ի հետ երկկողմ հարաբերությունների փոխշահավետ խորացման ուղղությամբ, իսկ ինչ վերաբերում է քննարկման հիմնական թեմային հիշեցրեց, որ որոշ ժամանակ առաջ այդ նույն ՆԱՏՕ-ի պաշտոնյաները, ովքեր այսօր քննադատություններով են աչքի ընկնում դրվատանքով էին արտահայտվում ՌԴ հասցեին:
Այնպես որ խոսքն այստեղ, նշեց նա, շահերի խնդրի մեջ է. «Վաղը իրավիճակը կփոխվի` այլ կերպ կարտահայտվեն»:
Ի դեպ, հունիսի 16-18-ը Բաքվում կայանալու է «Ռոուզ-Ռոուդ» սեմինարը, որի կապակցությամբ Կ.Նահապետյանը տեղեկացրեց, որ Հայաստանը ցանկություն է հայտնել մասնակցել դրա աշխատանքներին. «Եթե Բաքուն անվտանգության երաշխիքներ տա, ապա մեր երկրից երկու պատվիրակ կմեկնի Բաքու: Մենք նաև հանդես ենք եկել առաջարկով, որ հաջորդ տարի «Ռոուզ-Ռոուդ» սեմինարն անցկացվի Երևանում»:
Նշենք, որ ՆԱՏՕ-ի վեհաժողովի նիստերն անցկացվել են մայիսի 30-ից հունիսի 1-ը Վիլնյուսում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան