ԱԺ-ն պահանջում է Էդվարդ Նալբանդյանի պարզաբանումները, վերջինս լռում է
ԱԺ հերթական քառօրյայի մեկնարկին ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը, մատնանշելով, որ սահմանին վերջերս չափից դուրս «խաղաղ» վիճակ է ձևավորվել, ինչը, ըստ նրա, ենթադրաբար պայմանավորված է Աստանայի զարգացումներով նշեց. «ԱԺ նիստերի օրակարգում ունենք ՀԱՊԿ պայմանագրի հետ կապված հարց: Ես առաջարկում եմ այդ հարցի քննարկումով սկսենք մեր նիստերը, հրավիրենք նաև արտաքին գործերի նախարարին, որպեսզի ճշտումներ անենք այդ պայմանագրի կոնտեքստում մեր ունեցած երաշխիքների, այդ լարվածության վերաբերյալ, ինչպես նաև հասկանանք, թե Ղազախստանի նախագահի հայտարարությունն ինչ կապ ունի այդ լարվածությա հետ: Կարծում եմ, որ հարցը իսկապես հրատապ է»:
Արձագանքելով պատգամավորի դիտարկմանը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասաց, որ հարցը վերլուծման արժանի է, համապատասխան հանձնաժողովը և ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հարցադրում են արել այդ հարցի կապակցությամբ, կկազմակերպվեն քննարկումներ` նշած խնդիրը պարզաբանելու համար:
Ն.Զոհրաբյանն էլ իր հերթին նշեց, որ դեռ մայիսի 29-ին է դիմել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին, որպեսզի հասկանան, թե ինչ է իրականում տեղի ունեցել Աստանայում. «Ես դիմել եմ նախարարին, որ իր համար փոխըմբռնելի ֆորմատով ՀՀ ԱԺ-ին ներկայացնի Աստանայում տեղի ունեցածի մանրամասները: Սակայն սահմանված բոլոր ժամկետները անցել են և նախարարը նույնիսկ հարկ չի համարել պատասխանել ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնական դիմումին: Ուստի մենք միանում ենք մեր գործընկերների հորդորին, որ այս քառօրյայում հրատապ պետք է քննարկվի այն, ինչ տեղի է ունեցել»:
ԱԺ նախագահն այս անգամ էլ ասաց, թե չորեքշաբթի օրը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ֆորմատում այդ հարցը, հավանաբար կբարձրաձայնվի ու կստանան պատասխաններ: Նաև հավելեց, որ կառաջարկի հանձնաժողովին, որպեսզի հունիսի 16-ին կամ 17-ին քննարկումներ անցկացնեն այդ հարցի վերաբերյալ:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան