Բաքու կմեկնեն Կ.Նահապետյանն ու Թ.Պողոսյանը
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հունիսի 16-18-ը Բաքվում կայանալու է «Ռոուզ-Ռոուդ» սեմինարը, որին պատրաստվում են մասնակցել նաև հայ պատվիրակներ` Ադրբեջանի կողմից անվտանգության երաշխիքներ ստանալու դեպքում:
Panorama.am-ի հետ զրույցում ՆԱՏՕ-ում հայկական պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը տեղեկացրեց, որ նախնական պատասխան արդեն ստացել են, սակայն մինչև ուրբաթ օրը վերջնական որոշումը կկայացնեն:
«Մեզ պատասխան է եկել ՆԱՏՕ-ի ԽՎ քաղաքական հանձնաժողովից, նամակում Ադրբեջանի պատվիրակության քարտուղարը նշել է, թե հուսով է, որ կտրամադրվեն անվտանգության երաշխիքներ և միջոցներ, որպեսզի Հայաստանի պատվիրակությունը մասնակցի սեմինարին»,- նշեց նա ու ավելացրեց, որ դեռ պետք է քննարկեն` արդյո՞ք այդ պատասխանը բավարար է:
Հարցին, թե ինչով է կարևոր այդ սեմինարը, որը առաջ է քաշում հայ պատգամավորների Բաքու մեկնելու խնդիրը, Կ.Նահապետյանն ասաց, որ օրակարգը բավականին հագեցած է, բայց ամենակարևորն այն է, որ ներառում է Հայաստանի շահերին վերաբերող բազում խնդիրներ` այդ թվում և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթաց:
«Սեմինարի օրակարգում չկա մի այնպիսի հարց, որը չլինի Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում»,- ընդգծեց նա:
Ինչ վերաբերում է նրան, թե եթե Ադրբեջանը Հայաստանին անվտանգության երաշխիքներ չտա, առավել ևս, որ օրակարգային հարցերը մեր երկրի շահերին ուղղակիորեն առնչվում են, ի՞նչ է պատրաստվում նախաձեռնել հայկական պատվիրակությունը, ՀՀԿ-ական պատգամավորն ասաց, որ արդեն մի քանի ամիս է այդ տարբերակը կանխելու նպատակով քայլեր ձեռնարկվում են: Մասնավորապես, այդ խնդիրը բարձրացվել է վերջերս ՆԱՏՕ-ի ԽՎ-ում և տևական ժամանակ է այդ ուղղությամբ բանակցություններ են ընթանում:
Եթե երաշխիքները ստացվեն, ապա հունիսի 15-ին Բաքու կմեկնեն Կ.Նահապետյանը և պատվիրակության անդամ, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը:
Նախորդող հրապարակում`
Հայ պատգամավորները կմեկնեն Բաքու. Կ.Նահապետյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան