Արցախ, «Նաիրիտ», տնտեսության զարգացում, մենաշնորհների վերացում...Քառյակը հրապարակեց պահանջները
ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը վերջապես հրապարակեցին 12 կետից բաղկացած իրենց հայտարարությունը: Լրագրողների հետ հանդիպմանը «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նախ նշեց, որ իրենք բավականին երկար են աշխատել այդ հայտարարության վրա:
«Հաստատում ենք, որ Հայաստանում հիմնարար փոփոխություններ կատարելու ժամանակը հասունացել է, համակարգը առողջացնելու համատեղ ուժերի անհրաժեշտություն կա: Քառյակն արձանագրում է, որ համատեղ միջոցառումները արդեն իսկ արդյունքներ են տվել, քառյակը դարձել է հանրության ու իշխանությունների միջև միջնորդ: Մենք տեսնում ենք, որ կառավարության քայլերը համարժեք չեն ժողովրդի պահանջներին, արտագաղթն ու տնտեսական անկումը կասեցնելու նպատակով անհրաժեշտ մեն անհապաղ միջոցառումներ»,- նշեց Ռ.Հակոբյանը և ընթերցեց 12 կետերը:
Դրանք են`
1. Վերացնել պարտադիր բաղադրիչը, պահումները վերադարձնել քաղաքացիներին:
2. Վերանայել տեսանկարահանող սարքերի և կարմիր գծերի վերաբերյալ օրենսդրությունը, սահմանել, որ տուգանքները չեն կարող գերազանցել նվազգույն աշխատավարձի 10 տոկոսը:
3. Առնվազն երեք անգամ նվազեցնել շրջանառության հարկը: Հանել սահմանի վրա ԱԱՀ-ի հարկումը:
4. Կրկնապատկել գյումթերքի արտադրությունը:
5. Գյուղատնտեսական վարկերը արտարժութայինից վերածել դրամայինի:
6. Հաստատել «Նաիրիտ»-ի վերագործարկման ծրագիրը, վճարել աշխատավարձերի պարտքը:
7. Բացառել «Որոտան-ՀԷԿ»-երի վաճառքն ու մասնավորեցումը:
8. Բացառել հանրային տրանսպորտի սակագնի բարձրացումը:
9. Ընդունել մենաշնորհները վերացնելու օրենսդրական փաթեթ:
10. Փոփոխել Ընտրական օրենսգիրքը, որպեսզի հաջորդ ընտրություններն անցկացվեն 100 տոկոս համամասնական ընտրակարգով:
11. Ընդդիմությանն օժտել վերահսկողական գործառույթներով:
12. Չստորագրել որևէ փաստաթուղթ, որը վտանգում է Արցախը:
«Աշնանը քառյակը կհրավիրի հանրահավաք, որտեղ կամփոփի պահանջների կատարման ընթացքը»,- հավելեց Ռ.Հակոբյանը:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ նշեց, որ առկա պայմաններում անհրաժեշտ էր գործել միասնական գաղափարի շրջանակում և ժողովրդին էլ դարձնել այդ գործընթացի մասնակից ու գլխավոր երաշխավոր:
«Կառավարությունը հրաժարական տվեց, ինչը նշանակեց, որ քառյակը հասավ իր նպատակին, բայց և սպառեց իր միասնական օրակարգը: Եվ սույն համաձայնագիրը հենց այդ նպատակն է հետապնդում: Կոնգրեսի անունից կարող եմ ասել, որ մենք շարունակում ենք կարծել ու համոզված ենք, որ երկրի գլխավոր չարիքն այսօր Սերժ Սարգսյանն է և առաջին լուծումը նրա հեռացումն է, երկրում հաշվետու իշխանություն ձևավորելու մեջ: Բայց մենք հասկանում ենք, որ պետք է ձևավորել միասնական համակարգ, և սա դիտարկում ենք առաջին փուլ, իսկ վերջնական նպատակը հենց այն է, ինչ ես ասացի»,- նշեց Լ.Զուրաբյանը և հավելեց, որ շնորհավորում է ժողովրդին այս համաձայնագրի ստորագրության կապակցությամբ:
Նույնը կրկնեց նաև ՀՅԴ խմբակցության ղեկավարը` շնորհավորելով ժողովրդին ու ընդգծելով, որ սա նոր մշակույթ է քաղաքական դաշտում: