Իրանի ԱԳ փոխնախարար. Իրաքի հարցում Միացյալ Նահանգների հետ համագործակցելու կարիք չենք տեսնում
«Իրանի սահմանների անվտանգության հետ կապված որևէ սպառնալիք չկա»,-այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարարի՝ Աֆրիկայի և արաբական երկրների հարցերով տեղակալ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:
Իրանի փոխարտգործնախարարը, անդրադառնալով Իրաքի հարցում Թեհրանի և Վաշինգտոնի հնարավոր համագործակցությանը, մասնավորապես նշել է. «Իրաքի հարցում Միացյալ Նահանգների հետ համագործակցելու և բանակցելու կարիք չենք տեսնում: Մենք ԱՄՆ-ի հետ Իրաքում ահաբեկչության դեմ պայքարում չենք համագործակցել. Իրաքի ժողովուրդը, կառավարությունն ու բանակը ի զորու են միայնակ պայքարել այդ շինծու ժգնաժամի դեմ»:
Այն հարցին, թե հնարավո՞ր է, որ Վիեննայում կայանալիք Իրան-«5+1 խմբի» հանդիպման ժամանակ արծարծվի նաև Իրաքի հարցը, փոխնախարար Աբդոլլահիանը պատասխանել է, որ այդ հանդիպման ժամանակ քննարկվելու է բացառապես Իրանի միջուկային խնդրին առնչվող հարցեր:
Իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ամերիկացի սենատոր Լինդսի Գրահամը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն ու Իրանը Իրաքի ծայրահեղական խմբավորումների դեմ պայքարում պետք է միմյանց հետ համագործակցեն:
Նշենք, որ ԻԻՀ ԱԳՆ մամլո խոսնակ Մարզիե Աֆխամն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով այս օրերին Իրաքի տարբեր շրջաններում Իրաքի բանակի և «Իրաքի և Շամի իսլամական պետություն» խմբավորման միջև տեղի ունեցող մարտերին և դեպքերի հնարավոր զարգացումներին, մասնավորապես նշել է. «Հատկանշական է, որ ահաբեկիչներն այն ժամանակ սկսեցին իրենց գործողությունները, երբ Իրաքում խորհրդարանական ընտրությունները հաջող ավարտ ունեցան: Անկասկած ներկայում Իրաքում տեղի ունեցող զարգացումների նպատակն այդ երկրում քաղաքական գործընթացների վրա ազդելն ու դրանցում փոփոխություն իրականացնելն է»:
Անդրադառնալով Միացյալ Նահանգների՝ իրաքյան գործընթացներին մասնակցելու հավանականությանը՝ Իրանի ԱԳՆ մամլո խոսնակը նշել է. «ԱՄՆ-ն ցանկանում է օգտվել Իրաքի ներքաղաքական իրավիճակից և ստվերել այդ երկրում անկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Հետևաբար չպետք է ակնկալիք ունենալ այն ուժերից, որոնք Իրաքի անկայունության մեջ ներգրավվածություն են ունեցել. Իրանի Իսլամական Հանրապետությունը կտրականապես դեմ է, որպեսզի ԱՄՆ-ն Իրաքում ռազմական միջամտություն ունենա»: