Բաքվում ցույցեր են հայ պատվիրակների դեմ. Կ.Նահապետյանը` Բաքվից
«Քննարկումներն այսօր ծավալվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ: Մենք ներկայացրել ենք մեր մոտեցումներն ու դիրքորոշումը, ինչպես նաև բարձրաձայնել ենք ադրբեջանական իշխանությունների կողմից շարունակաբար տարվող հայատյացության քաղաքականության, ռազմական հռետորաբանության, մարդասպանների հերոսացման և այլնի մասին»,- Panorama.am-ի հետ զրույցում Բաքվից փոխանցեց ՆԱՏՕ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը` ներկայացնելով «Ռոուզ-Ռոուդ» սեմինարի մեկնարկի առաջին օրը:
Պատգամավորի խոսքով, բարձրաձայնվել են այն բոլոր խնդիրները, որոնք այսօր խոչընդոտում են նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:
«Միաժամանակ ներկայացրել ենք, որ այդ հակամարտությունը կարող է ունենալ շոշափելի արդյունք միայն այն դեպքում, եթե Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները ուղղակիորեն ներգրավվեն բանակցային գործընթացի մեջ»,- ասաց նա:
Հարցին, թե ինչպես է դրան արձագանքել ադրբեջանական կողմը, Կ.Նահապետյանն ասաց, որ այդ մոտեցումը նրանց համար անընդունելի է, քանի որ նրանք պնդում են, որ հակամարտությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև է:
«Մենք ուղղակի մերժում ենք այդ մոտեցումը` նշելով, որ հակամարտությունն ինքնին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրականացրած ագրեսիայի արդյունք է և այն, ինչ տեղի է ունեցել Արցախի նկատմամբ, ամբողջությամբ համապատասխանում է ագրեսիայի բնորոշմանը միջազգային իրավունքի սկզբունքներին»,- նշեց Կ.Նահապետյանը:
Վերջինս ավելացրեց նաև, որ այդ բանավեճի ընթացքում հերթական անգամ հայկական կողմը հայտնել է իր հավատարմությունը հակամարտության կարգավորումը տեսնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի շրջանակներում միաժամանակ նկատելով, որ նույնիսկ այդ ձևաչափի շրջանակում հնարավոր է ԼՂՀ-ն դիտել որպես բանակցային կողմ:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք այդ բանավեճին միջամտել կամ իրենց դիրքորոշումն են հայտնել եվրոպացի պատվիրակները, Կ.Նահապետյանն ասաց, որ հիմնականում ՆԱՏՕ ԽՎ-ի մյուս պատվիրակները ուղղակի դիտորդի դերում էին և բանավեճն ընթացել է Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակների միջև: Թեև դրան արձագանքել են նաև այդ թեմայի շրջանակում իրենց զեկույցները ներկայացրած համապատասխան անձինք:
ՀՀ ԱԺ պատգամավորը նշեց, որ հայկական կողմը ներկաների ուշադրությունը հրավիրել է մի շարք խնդիրների վրա, որոնք առկա են այս հակամարտության կոնտեքստում ու, մասնավորապես, շփման գծից դիպուկահարների հետ քաշմանը, միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծման և այլնի վրա:
Անդրադառնալով անվտանգության երաշխիքներին` Panorama.am-ի զրուցակիցն ասաց, որ հայ պատվիրակներին ուղեկցում են անվտանգության աշխատակիցները, որոնք նաև դահլիճում են ապահովում անվտանգությունը: Ու թեև իրենք չեն տեսել, բայց հայ պատգամավորների մասնակցության դեմ ցույց է անցկացվել Բաքվում սեմինարի աշխատանքներին զուգահեռ:
Հիշեցնենք, ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկատվություն էին տարածել, որ նիստի ընթացքում իր ելույթում «LINKS» կազմակերպության ղեկավար Դենիս Սամութը, անդրադառնալով դրական փոփոխություններին ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով և որ հիմնական սկզբունքները պետք է լինեն պետությունների սահմանների անձեռնմխելիությունն ու ազգերի ինքնորոշման իրավունքը, ինչպես նաև բարձրաձայնել, թե Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը խախտվել է, ուստի պետք է վերականգնվի:
Ի պատասխան այս ելույթի ՆԱՏՕ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը իր բողոքն է արտահայտել և պահանջել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ քննարկումներին որպես կողմ մասնակցի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և երկրորդ` ուշադրություն հրավիրել Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի ինքնորոշմանը։
Սեմինարն իր աշխատանքները կշարունակի նաև վաղը:
Նախորդող հրապարակումներ`
Հայերի հիմնավորված ելույթները հիստերիա են առաջացրել Ադրբեջանում տեղի ունեցող ՆԱՏՕ-ի ԽՎ սեմինարի ժամանակ
Ադրբեջանն անվտանգության երաշխիքներ է տվել, պատգամավորները վաղը կմեկնեն Բաքու. Թ.Պողոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին