Կրկես, թե խորհրդարան. ԱԺ նախագահը մերժեց բոլորին
Մենք խնդրում և պահանջում ենք հարգել օրենքը և պաշտպանել այն: Երբ պատգամավորը պահանջում է քսան րոպե ընդմիջում, պարտավոր եք դա հարգել: Այս մասին Ազգային Ժողովում հայտարարեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ դիմելով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին:
«Տղամարդկությունն էն չի, որ օրենքը խախտես, տղամարդկությունն էն ա, որ ամեն մեկն իր գործն անի ու պատասխան տա դրա համար: Այս մեթոդներով հեռու չենք գնա: Խնդրում եմ ՝ եղեք օրենքի սահմաններում»,- հորդորեց նա:
Իսկ Արծվիկ Մինասյանն էլ նախ նշեց, որ ՀՅԴ-ն չմասնակցեց «կուտակայինի» քվերակությանը, քանի որ դա իրենց հստակ քաղաքական դիրքորոշումն է: Իսկ այնուհետ ասաց. «ՀՀԿ պատգամավորների թիվը 64 է և դա արձանագրում ենք, չէր կարող 68 պատգամավոր քվեարկած լիներ: Տեղի է ունեցել ԱԺ կանոնակարգի խախտում»:
Ինչին ի պատասխան ՀՀԿ-ական Սպարտակ Մելիքյանը հայտարարեց, թե ինքը որևէ մեկի փոխարեն չի քվեարկել, և եթե պատգամավորներ կան, որ վատ են տեսնում, կարող են դիմել հատուկ հիվանդանոցներ առողջական այդ խնդիրը կարգավորելու համար:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ հորդորեց դաշնակցական իր գործընկերներին կանգնել ու հաշվել, որպեսզի համոզվեն, որ ոչ ոք ուրիշի փոխարեն չի քվեարկել:
«Ես խնդրում եմ պատկերը շա՜տ լավ պահեք ու եկեք մեկ-մեկ հաշվեք»,- քվեարկությունից հետո ասաց Գ.Սահակյանը՝ հայտարարելով, որ որոշումն ընդունվել է և ոչ մի խնդիր չկա:
Խոսեց նույնիսկ ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանը. «Ես այսքան նվաստացած եմ ինձ զգում... չի կարելի այսպես վարել: Մեր իրավունքի մեջ է քսան րոպե ընդմիջում վերցնել, ինչու չեք տալիս: Այդ օրենքը, որ այստեղ անցկացրեցիք, ժողովրդի 80 տոկոսը չի ընդունում այն: Մենք խնդիր ունենք քննարկելու, թե ինչ ենք անելու և պահանջում ենք 20 րոպե ընդմիջում»:
Սակայն Գ.Սահակյանը միայն նշեց. «Ձեր անկարողությունը չի կարելի տարածել քաղաքական դաշտի վրա»:
Նա շարունակեց քվեարկության դնել հարցերը՝ մերժելով նաև ՕԵԿ-ին և ՀԱԿ-ին քսան րոպե ընդմիջում վերցնելու պահանջը:
ԲՀԿ-ն լքեց նիստերի դահլիճը: Պատգամավորներից մեկն էլ բարձր հայտարարեց՝ «խորհրդարան չի կրկես ա»:
Նախորդող հրապարակում՝
ԱԺ նիստը մեկնարկեց ընդդիմության դժգոհությամբ