Հայկական պատվիրակությունը որևէ հարցով չի դիմի Ալիևին. Հ.Նաղդալյան
Րոպեներ առաջ ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում իր ելույթը սկսեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ով առաջիկա մեկ ժամվա ընթացքում նաև կպատասխանի պատգամավորների հարցերին: Ալիևի ելույթի ժամանակ ակտիվիստները կապել են իրենց բերանները:
Panorama.am-ի հետ զրույցում ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը տեղեկացրեց, որ նախօրեին այս դահլիճում նույն ֆորմատով արդեն հանդես եկել է Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը, ում բավականին բարդ ու ադրբեջանական կողմի համար տհաճ հարցադրումներով են դիմել:
Հ.Նաղդալյանի համոզմամբ` նույն ընդունելությունը այսօր սպասվում է նաև Ադրբեջանի նախագահին:
«Այդ հարցերը վերաբերում էին Ադրբեջանում ժողովրդավարության մակարդակի էական նահանջին, մարդու իրավունքների խախտումներին, քաղբանտարկյալներին, անհանդուրժողականությանը, որ տիրում է այդ երկրում: Մեր շփումները ցույց տվեցին, Ադրբեջանի ղեկավարության այցի ֆոնը խիստ բացասական է և չեմ հիշում երկար տարիների ընթացքում, որպեսզի մի երկիր այսպիսի բացասական ֆոնի վրա ստանձնի իր նախագահությունը»,- նշեց Հ.Նաղդալյանը: Հիշեցնենք, Ադրբեջանը վեց ամիսների ընթացքում նախագահելու է ԵԽ նախարարների կոմիտեում:
Մեր զրուցակիցը նշեց, որ Ադրբեջանում տիրող իրավիճակի վերաբերյալ անպայման հնչեցվելու է և ոչ միայն հարցուպատասխանի ժամանակ, այլ նաև փորձ է արվելու որոշ զարգացումների բերել ընթացակարգային նորմերում, որոնք կանոնակարգում են ԵԽԽՎ աշխատանքները:
Panorama.am-ի հարցին ի պատասխան, թե որպես հայկական պատվիրակության ղեկավար ինքն անձամբ հարց ունի Ալիևին, Հ.Նաղդալյանը նշեց, որ պատվիրակությունն ունի քաղաքական դիրքորոշում և ոչ միայն ինքը, այլև պատվիրակության անդամները որոշում են կայացրել որևէ հարցով չդիմել ոչ Ալիևին, և ոչ էլ Մամեդյարովին, որովհետև նրանց ուղղված յուրաքանչյուր հարցը հնարավորություն է իրենց համար նոր պրոպագանդիստական հնարքներ կիրառելու, հանրային կարծիքի մանիպուլյացիաներ իրագործելու.
«Սրանով մենք ուզում ենք նաև քաղաքական խմբերում, հանձնաժողովներում և կոմիտեներում ցույց տալ, որ այս վարքագիծը ԵԽ ՆԿ-ում նախագահող երկրին անվայել վարքագիծ է և ճիշտ չենք համարում որևէ հարցերով նրանց դիմել»,- ասաց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարը:
Նախագահությունը, շարունակեց նա, առաքելություն է, նախագահությունը պարզապես գալ-գնալու ու ելույթներ ունենալու հնարավորություն չէ, այլ առաքելություն է տվյալ երկրի համար իր ավանդն ունենալ եվրոպական ընդհանուր օրակարգի խնդիրներում և եվրոպացիների կյանքում բարեփոխումներ իրականացնելու առումով.
«Եվ ոչ թե հնարավորություն, որպեսզի նախագահող երկիրը փորձի պրոպագանդիստական և այլ ուղիներով փորձի լուծել իր սեփական խնդիրները» ,- հավելեց Հերմինե Նաղդալյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին