Ադրբեջանը սովորականի պես իր լոլոներով ԵԽԽՎ-ում կրքեր է բորբոքում. Ն.Զոհրաբյան
«Ես ինքս էլ մամուլից եմ ծանոթացել ԵԽԽՎ նախագահի այդ հայտարարությանը և եթե այդպիսի հայտարարություն իսկապես արվել է, ապա ինձ համար դա առնվազն զարմանալի էր, քանի որ մինչ այս պահը իր սկզբունքայնությամբ հայտնի Ան Բրասորը միշտ շատ զուսպ է եղել իր գնահատականներում և երբեք չի փորձել մտնել այն տիրույթ, այն տարածք, որը գտնվում է բացարձակապես այլ մանդատի` ԵԱՀԿ Մինսկի ենթակայության ներքո»,- Ստրասբուրգից Panorama.am-ին փոխանցեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը ի պատասխան այն հարցի, թե ըստ լրատվամիջոցների` նախօրեին ԵԽԽՎ նախագահ Ան Բրասորը Հայաստանի համար ոչ ընդունելի հայտարարություն է հնչեցրել ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ` խոսելով Ադրբեջանի նախաձեռնության մասին, որի տակ ստորագրել է 58 պատգամավոր, և որը ենթադրում է հայկական պատվիրակության հանդեպ պատժամիջոցների կիրառում, ձայնի իրավունքից զրկում:
Ըստ այդմ, Ան Բրասորը հայտարարել է, թե ադրբեջանական այդ նախաձեռնությունը կքննարկվի հունիսի 27-ի առավոտյան Բյուրոյի նիստում և այնուհետ անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության թեմային ասել է, թե իրենք ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և այստեղ երկու խնդիր լինել չի կարող:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախաձեռնությանը, Ն.Զոհրաբյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ հայկական պատվիրակությունը որևէ խնդիր չունի, թեև տեղեկացված են, որ հունիսի 27-ին` լիագումար նստաշրջանի փակման օրը Բյուրոն առավոտյան քննարկելու է այդ խնդիրը: Բայց և վստահ պնդեց, որ եթե ԵԽԽՎ-ն և ընդհանրապես միջազգային կառույցները չեն կորցրել իրենց սթափությունն ու տրամաբանությունը, ապա բնականաբար, 58 պատգամավորների այդ նախաձեռնությունը, որի տակ, ըստ մեր զրուցակցի, կային Ադրբեջանի թե' հին, թե նոր լոբիստ պատգամավորների ստորագրություններ, որևէ ընթացք չի ստանա:
Նստաշրջանի առաջին օրն ընթացավ Ադրբեջանի նկատմամբ լրջագույն քննադատությունների մթնոլորտում, չնայած նրան, որ ԵԽ նախարարների կոմիտեում նախագահությունը այդ երկրինն էր: Ն.Զոհրաբյանից հետաքրքրվեցինք` ի՞նչ դա կարող է նշանակել. «Մինչև Ստրասբուրգ մեկնելը ես վստահ պնդել էի, որ Ռուսաստանից հետո ԵԽԽՎ-ի հաջորդ հստակ թիրախը լինելու է Ադրբեջանը: Եվ հենց լիագումարի մեկնարկը դա վկայեց: Ի դեպ, երեկ Ադրբեջանի հասարակական կազմակերպությունների անդամները ներկայացրեցին այդ երկրում տիրող խայտառակ իրավիճակը մարդու իրավունքների, ժողովրդավարության, մամուլի ազատության, և մեր գործընկեր Մեյլիս Ռեփսը պատրաստել էր զեկույց այդ ամենի վերաբերյալ. Տիկին Ռեփսի գնահատականներով` 150-ից ավելի քաղաքական հայացքներով ազատությունից զրկված մարդիկ կան, որից 43-ը լրագրողներ, քաղաքացիական ակտիվիստներ են»:
Ն. Զոհրաբյանը ավելացրեց, որ սա իսկապես ահազանգող թիվ է և երեկ Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը, ով նիստին ներկա էր որպես ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ ստիպված էր պատասխանել բոլոր այդ հարցերին որպես Ադրբեջանի ԱԳ նախարար:
«Իհարկե նա փորձում էր խուսանավել բոլոր այդ հարցերից և ուղղակիորեն հնչած խիստ մեղադրանքներին, թե` ինչու են ձեր երկրում լրագրողներ, բլոգերներ ձերբակալված տալիս էր ուղղակի պատասխաններ, որոնք հարցերի հետ կապ չունեին և առհասարակ փորձում էր դրանց չպատասխանել, ասելով, թե նա այստեղ է որպես ԵԽ ՆԿ նախագահ և պետք է այդ շրջանակի հարցերի պատասխանի և ոչ թե ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ: Բայց նրան ուղղված բոլոր հարցերը վերաբերում էին հենց Ադրբեջանում տիրող իրավիճակին, որովհետև ինչպես շատ ճիշտ նշեց եվրոպացի գործընկերներից մեկը` Մամեդյարովը չի կարող այստեղ պաշտպանել ընդհանուր արժեքներ, խոսել եվրոպական արժեքներից, երբ իրենց երկրում խայտառակ իրավիճակ է ժողովրդավարության, մարդու իրավունքների, խոսքի ազատության հետ կապված»,- նշեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամը:
Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ այսօր Երևանի ժամանակով 14.00-ին նախատեսված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը և արդեն իսկ միանշանակ կանխատեսելի է, թե ելույթն ինչ շեշտադրումներ է ունենալու. «Բնականաբար, Ալիևը կրկին խոսելու է իրենց մշտական լոլոներից` 20 տոկոս գրավյալ տարածք, մեկ միլիոն փախստական և այլն, և այլն: Բայց ես վստահաբար կարող եմ ասել, որ արդեն իսկ լուրջ տրամադրություն է փոխվել ԵԽ-ում առ Ադրբեջանը և ես կրկնում եմ` ՌԴ-ից հետո ԵԽԽՎ-ը լրջագույնս զբաղվելու է Ադրբեջանով»:
Երեկվա նիստում ևս մեկ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել, այն է` պատգամավորները քվեարկել են, որպեսզի Ադրբեջանում քաղաքական հայացքներով ձերբակալված անձանց, ակտիվիստների և առհասարակ այդ երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ եվրոպացի պատգամավորի նախաձեռնությունն ուղարկվի հանձնաժողով` զեկույց նախապատրաստելու համար, ինչը, բնական է, առաջացրել է Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի զայրույթը, ով նիստի ընթացքում բղավել է, թե իրենք անհամաձայնությունն են հայտնում, որովհետև իբրև թե, քվեարկությունը տեղի է ունեցել բոլոր ընթացակարգերը խախտելով. «Սեիդովն անգամ մեղադրեց ԵԽԽՎ նախագահին, թե վերջինս դիտավորյալ հենց այն պահին է պատգամավոր Մակնամարայի նախաձեռնությունը դրել քվեարկության, երբ ադրբեջանական պատվիրակության անդամները դահլիճում չէին»:
Ն.Զոհրաբյանն ասաց, որ Սեիդովին հստակ պատասխան է տվել Ան Բրասորը` նշելով, որ բոլոր ընթացակարգերը պահպանվել են և նիստի ընթացքում Մակնամարայի նախաձեռնությունը դրվել է քվեարկության և այժմ արդեն կնախապատրաստվի բանաձև` Ադրբեջանում տիրող հակաժողովրդավարական իրավիճակի և քաղբանտարկյալների հետ կապված: