Ադրբեջանը ԵԽԽՎ-ում 2-րդ հակահայկական բանաձևն է ներկայացրել
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում իր նախագահության ժամանակ Ադրբեջանն արդեն 2-րդ հակահայկական բանաձևն է ներկայացնում։ Առաջին բանաձևի նախագծով Ադրբեջանն առաջարկում է պատժամիջոցները կիրառել Հայաստանի պատվիրակության նկատմամբ, կասեցնել նրանց քվեարկության իրավունքը։
Նախօրեին, երբ Ստրասբուրգում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Ադրբեջանը շրջանառության մեջ դրեց ևս մեկ հակահայկական բանաձև։ Այս բանաձևը ևս, ինչպես առաջինը, հեղինակել է Ադրբեջանի պատգամավոր Էլհան Սուլեյմանովը, և այն առաջին բանաձևի կրկնությունն է, փոխվել է միայն «վերջաբան պահանջը»։
Առաջարկվող բանաձևում ասվում է, թե «հայկական զինված ագրեսիայի հետևանքով ադրբեջանական տարածքների 20 տոկոսը՝ Լեռնային Ղարաբաղը և հարևան 7 շրջանները, օկուպացվել են և 1 մլն ադրբեջանցիներ տեղահանվել են։ Զինված օկուպացիան Ադրբեջանին հասցրել է նյութական և բարոյական մեծ վնասներ»։
Բանաձևի նախագծում ասվում է, թե Ադրբեջանի տարածքների օկուպացիայի անօրինականությունը հաստատվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ԵԽԽՎ-ի Եվրոպական խորհրդարանի, ԵԱՀԿ-ի և մի շարք այլ միջազգային կազմակերպությունների ընդունած բանաձևերում և փաստաթղթերում, որոնք պահանջում են անհապաղ վերջ տալ օկուպացիային։
Այս ամենով, Ադրբեջանը Վեհաժողովին առաջարկում է պատրաստել զեկույց «Ադրբեջանի օկուպացված տարածքներում տիրող իրավիճակի շուրջ, հաստատել, որ օկուպացիան Հայաստանի կողմից, որպես ԵԽ անդամ երկիր, իր պարտականությունների կոպիտ խախտում է և ձեռնարկել քաղաքական գործողություններ, որոնք վերջ կտան անօրինական օկուպացիային»։
Այս բանաձևի տակ ստորագրել են ԵԽԽՎ 27 պատգամավորներ, որոնց մեծ մասը այն նույն անձինք են, ովքեր ստորագրել էին Ադրբեջանի նախորդ բանաձևի նախագծի տակ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին