Ս.Սաֆարյանը հեռացավ. Հույս ունեմ, որ չեք հրաժարվի ձեր հավատամքից ու պայքարից
«Ժառանգություն» կուսակցության 10-րդ համագումարում Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, թե ուզում է խոսքը փոխանցել մի մարդու, ով եղել է կուսակցության ակունքներում, բայց հիմա որոշել է փոքրիկ ընդմիջում վերցնել, թեև լրատվամիջոցները այլ բան են սրանում տեսնում: Ր.Հովհաննիսյանը խոսքը փոխանցելով կուսակցության վարչության անդամ Ստյոպա Սաֆարյանին նշեց, թե սա հրաժեշտի խոսք չէ, այլ ողջույնի խոսք:
Ս.Սաֆարյանն իր ելույթը նվիրեց կուսակցության արտաքին քաղաքական վեկտորին` նշելով, որ կուսակցականները մասնակցել են միջազգային տարբեր ձևաչափերում, տարբեր խորհրդաժողովների, քննարկումների, եղել են ակտիվ ու անշուշտ արդյունավետ գործունեություն ծավալել:
«Կուսակցությունը փորձել է հընթացս այդ միջոցները օգտագործել իր միջազգային կապերը հաստատելու համար: Անցած երկու տարիներին ամենաաղմկահարույցը միջազգային համագործակցության տեսանկյունից՝ Րաֆֆի Հովհաննիսյանի մասնակցությունն էր Բաքվում անցկացված խորհրդաժողովին, որի ժամանակ Ր.Հովհաննիսյանը ներկայացրեց մեր դիրքորոշումը»,- ասաց նա:
Վերջում նշեց, որ ուզում է մի փոքր դադար վերցնել, հաշվի առնելով, որ իր փորձագիտական գործունեությունը շատ բուռն է և իրեն մնում է միայն հաջողություններ մաղթել նորընտիր վարչությանը` հույս ունենալով, որ այդ վարչությունը ավելի բարձր նշաձող կսահմանի իր համար և չի զիջի բոլոր նախկին վարչություններին:
«Շնորհակալ եմ բոլորիդ աջակցության համար, ուզում եմ հույս հայտնեմ, որ չեք հրաժարվի ձեր հավատամքից ու պայքարից»,- հավելեց իր ելույթը Ս.Սաֆարյանը, իսկ Ր.Հովհաննիսյանը նշեց, որ բոլորն ակնկալում են Ս.Սաֆարյանի ծառայությունները, մանավանդ այս դժվարին պայմաններում:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով