Իրանի ԱԳ նախարար. Հուլիսի 20-ին հուսով եմ պատմական իրադարձության ականատեսը կլինենք
Իրանի արտաքին գերատեսչության ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆն ԻԻՀ-ի և «5+1 խմբի» միջև ընթացող 6-րդ հանդիպմանն ընդառաջ ուղերձ է հղել, որտեղ անդրադառնում է Իրանի միջուկային ծրագրին, անցած 30 տարիների ընթացքում Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական պատժամիջոցների հետևանքով երկրի տնտեսության տարբեր ճյուղերին հասցված վնասին և ներկայում միջուկային խնդրի շուրջ ընթացող բանակցությունների ընթացքին և հույս հայտնում, որ հուլիսի 20-ին աշխարհը պատմական իրադարձության ականատեսը կլինի:
Իր ուղերձում նախարար Զարիֆը, անդրադառնալով Արևմուտքի կողմից Իրանի միջուկային ծրագրի հարցում Իրանի հասցեին պարբերաբար հնչած ռազմատենչ հայտարարություններին, նշել է, որ հենց պատերազմի սպառնալիքն է առիթ հանդիսացել, որպեսզի Թեհրանը միջուկային հաստատությունները պաշտպանելու նպատակով կառուցի Ֆորդուի հաստատությունը:
Շարունակելով խոսքը՝ Իրանի ԱԳ նախարարը նշել է. «Այն մարդկանց, որոնք մինչ այժմ էլ գտնում են, որ պատժամիջոցները ստիպեցին, որ Իրանը նստի բանակցությունների սեղանի շուրջ, ցանկանում եմ տեղեկացնել, որ ճնշումները չեն կարողացել կանգնեցնել Իրանի գիտական առաջնթացը: Այն պարագայում, երբ Իրանին հրաժարվում էին ամերիկյան արտադրության միջուկային ռեակտորների համար վառելիք տրամադրել, մենք ստիպված եղանք ուրանի հարստացման աշխատանքները 3,5 տոկոսից ավելացնելով հասցնել 20%-ի, և ձեռնամուխ եղանք ինքներս ձեռք բերել մեր վառելիքը»:
«Մեր վճռական կամքն է, որպեսզի մեր հստակ գործողություններով ցույց տանք, որ Իրանի միջուկային ծրագիրն ունի բացառապես խաղաղ բնույթ: Դեռ ժամանակ ունենք, որպեսզի վերջ տանք այն մտայնությանը, թե Իրանը նպատակ ունի ատոմային ռումբ ստեղծել: Մենք ջանում ենք, որպեսզի հասնենք համաձայնության, ոչ թե լավ կամ վատ համաձայնության, այլ կայուն և հարատև: Ես և իմ կառավարությունը հաստատակամ ենք, որպեսզի մինչև հուլիսի 20-ը վերջ տանք այս անտեղի ճգնաժամին: Հուսով եմ, որ մեր գործընկերները ևս նման մոտեցում կունենան: Իմ անունը Ջավադ Զարիֆ է և սա էլ Իրանի պատգամն է»,-եզրափակել է Իրանի արտգործնախարարը:
Նկատենք, որ Իրանի և «5+1 խմբի» միջև 2013թ. նոյեմբերի 24-ին ստորագրված համաձայնագրի սկզբնական մասը, որը ստացել է «Համատեղ քայլերի ծրագիր» անունը, ուժի մեջ է մտել ս.թ. հունվարի 20-ին: Առաջին փուլի համար նախատեսված էր 6 ամիս ժամանակ, որը լրանում է հուլիսի 20-ին: Այդ ընթացքում տեղի Իրանի և «5+1 խմբի» անդամների միջև ունեցան ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ բանակցություններ, որոնց վերջնական նպատակը պետք է լինի համապարփակ համաձայնագրի ստորագրումը:
Նախօրեին Վիեննայում մեկնարկել է Իրանի և «5+1 խմբի» 6-րդ հանդիպումը. Արդեն կայացել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Քեթրին Էշթոնի ու ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի առանձնազրույցը, որի ընթացքում կողմերը քննարկել են «Համատեղ քայլերի ծրագրի» կատարման հարցը»: Ներկա պահին ընթանում է Իրանի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչների հանդիպումը, որից հետո կկայանա Իրանի և եվրոպական 3 երկրների՝ Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչների հանդիպումը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան