Ն.Զոհրաբյան. Ռուսական կողմի այդ հայտարարությունները առնվազն «բեսպառդոն են»
«Ինձ բնավ չեն զարմացնում այս կարգի հայտարարությունները և պնդումները: Եվ չեմ զարմանա, որ վաղը ռուսական կողմից ինչ-որ պաշտոնյա կիսելյովյան սերիայից որոշի, թե Հայաստանի խորհրդարանը այս կամ այն նստաշրջանում քանի օրենք պետք է ընդունի կամ էլ խորհրդարանի բուֆետը ինչ սակագներով պետք է գործի»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը` մեկնաբանելով այսօր տեղի ունեցած Երևան-Մոսկվա տեսամակուրջում ռուսական կողմից հնչած հարց-առաջարկը:
Հիշեցնենք, այսօր կայացած տեսակամուրջի ժամանակ ռուսական կողմից հարց-առաջարկ հնչեց` արդյո՞ք ժամանակը չէ ՀՀ Ազգային Ժողովում գոյություն ունեցող Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը տրանսֆորմացնել և ունենալ ԵՏՄ-ի ինտեգրման հարցերի հանձնաժողով, ինչին ի պատասխան ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը նշեց, թե հարցին` որքանո՞վ է անհրաժեշտ այդ հանձնաժողովի գոյությունը կամ տրանսֆորմացիան, կարող է պատասխանել հանձնաժողովի ղեկավարը: Իսկ ահա Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն էլ ասաց, թե սխալ է ինտեգրվելով ինչ-որ միությանը, դրան զուգահեռ վարել ինչ-որ այլ միավորից մեկուսացման քաղաքականություն:
ԲՀԿ-ական պատգամավորը նաև նշեց, որ նույն կոնտեքստում բնավ զարմանալի չէ, օրինակ, ռուս վերլուծաբան Ալեքսեյ Կուդենկոյի հորդորը ՀՀԿ-ին հրաժարվել Գարեգին Նժդեհից, փոխել ու վերանայել սեփական գաղափարախոսությունը` ընդգծելով, որ իշխող կուսակցության կողմից առաջնորդվելը նման նացիստական գաղափարախոսությամբ անախրոնիզմ է. «Եվ զարմանալի է, որ Հանրապետական կուսակցության կողմից որևէ պատասխան չի հնչում նման կարգի հայտարարություններին»:
Վերադառնալով իր ղեկավարած հանձնաժողովը փակելու առաջարկին Ն.Զոհրաբյանն ընդգծեց, որ նման հայտարարությունները որակում է ոչ այլ ինչ, քան «բեսպառդոն»:
Նաև նշեց, որ իր համար առնվազն տարակուսելի է, որ իր որոշ գործընկերներ, որ ներկա են եղել այդ տեսակամուրջին, փորձել են շատ մեղմ արձագանքել` չվիրավորելով տվյալ անձնավորության երևի թե ներքին էմոցիաները:
«Ես կարծում եմ, որ իմ գործընկերները, ովքեր ներկա են եղել այդ հանդիպմանը պետք է ասեին, որ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է, ՀՀ Ազգային Ժողովն էլ ինքնիշխան հանրապետության խորհրդարան է, ՀՀ-ն ունի իր արտաքին հստակ քաղաքականությունը և թույլ տվեք մենք որոշենք, թե մեր խորհրդարանում ինչպիսի հանձնաժողովներ, ենթահանձնաժողովներ ու ընդհանրապես ինչպիսի ներքին կանոնակարգ պետք է գործի: Սա նվազագույնն էր, որ պետք է ասեին իմ գործընկերները»,- նշեց Ն. Զոհրաբյանը` ավելացնելով` իսկ թե մյուս կողմը ինչ է ցանկանում և թե ինչ անտրամաբանական ցանկություններ կարող է հնչեցնել ինքը դրա վրա վաղուց չի զարմանում:
Ի դեպ, ԱԺ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը բացառեց, որ նման բան հնարավոր է` փակել հիշյալ հանձնաժողովը:
Նախորդող հրապարակում`
Ռուսները ուզում են փակել տալ ԱԺ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը