Ռուսները ուզում են փակել տալ ԱԺ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը
«Արդյո՞ք ժամանակը չէ ՀՀ Ազգային Ժողովում գոյություն ունեցող Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը տրանսֆորմացնել և ունենալ ԵՏՄ-ի ինտեգրման հարցերի հանձնաժողով»: Այս հարցը հնչեց «Եվրասիական ընտրություն–Հայաստան–2014» թեմայով Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ ռուսական կողմից և ուղղվեց ԱԺ ներկայացուցիչ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանին:
«Այդ հանձնաժողովն այսօր այնքան էլ գերլարված չի աշխատում, բայց այն հարցը, թե որքանո՞վ է անհրաժեշտ այդ հանձնաժողովի գոյությունը կամ տրանսֆորմացիան այս հարցին կարող է պատասխանել հանձնաժողովի ղեկավարը»,- ասաց Մհեր Շահգելդյանը` ավելացնելով, որ քանի որ այժմ մի շարք օրենսդրական նախաձեռնություններ են պատրաստվում և օրենքներ են փոխվում ԵՏՄ-ի անդամակցությանը համահունչ, ապա հարկավոր է համալիր աշխատանք կազմակերպել:
Մ. Շահգելդյանը նշեց, որ աշնանը ծանրաբեռնվածությունը օրենսդրական ոլորտում կավելանա և ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովը, որի անդամ է նա հանդիսանում, անշուշտ շատ անելիք ունի:
Ինչ վերաբերում է ԵՏՄ-ն անդամակցելու հարցին, ՕԵԿ-ական պատգամավորը նշեց, որ համաձայնագրի հետաձգումը մինչև աշուն որոշակի անորոշություն է ստեղծում Հայաստանում և նաև որոշակի անհանգստություն: Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը միանշանակ դիրքորոշում ունեն ԵՏՄ-ին անդամակցելու և այդ կոնտեքստում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ:
Իսկ Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն էլ նշեց, որ սխալ է ինտեգրվելով ինչ-որ միությանը, դրան զուգահեռ վարել ինչ-որ այլ միավորից մեկուսացման քաղաքականություն:
«Այո, ստեղծել խորհրդարանական հանձնաժողով, որը կզբաղվի ԵՏՄ-ին ինտեգրվելու հարցերով անհրաժեշտ է, բայց ոչ մյուսի հաշվին»,- ընդգծեց նա:
Ի դեպ, Արամ Սարգսյանը նաև նկատեց, որ եթե խոսքը իսկապես ստրատեգիական համագործակցության մասին է, ապա իրեն զարմացնում է, թե ինչու Հայաստանը բացարձակապես չի երևում ռուսական հեռուստաալիքներում և ռուսաստանցիները որևէ կերպ չեն ծանոթանում հայաստանյան իրադարձություններին: Այնպես որ, նշեց նա, սա ավելի առաջնային հարց է, որը միտված է իրապես ինտեգրմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը