Իրանին կրկին մասնատման վտանգ է սպառնում. Արևմտյան Ատրպատականը՝ «Անկախ Քուրդիստանի» կազմում
Այն բանից հետո, երբ «Իրաքում և Շամում իսլամական պետություն» արմատական խմբավորումը սկսեց ապակայունացնել Իրաքը, Իրաքի Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանին, օգտվելով ստեղծված ներքաղաքական իրավիճակից, ձեռնամուխ եղավ կենտրոնական իշխանություններից լիակատար անկախություն ձեռք բերելու գործընթացին, որին էլ իրենց աջակցությունը հայտնեցին Իսրայելի իշխանությունները: Վարչապետ Բենիամին Նեթանյահուն Թել Ավիվի համալսարանում տեղի ունեցած համաժողովի ընթացքում, անդրադառնալով Իրաքում տեղի ունեցող զարգացումներին, նշել էր, որ քրդերը պայքարող ժողովուրդ են և որ Իսրայելը պետք է քրդերի՝ անկախ պետություն ունենալու իղձերին աջակցի:
Ինչպես ասում են, քրդերը խոսքից արդեն անցել են գործի. իրանական «ԱՆԱՋ» լրատվական գործակալությունը, հղում անելով Իրաքի Քուրդիստանի առաջնորդ Մասուդ Բարզանիի ենթակայությամբ գործող ԶԼՄ-ներին, մի նյութ է թողարկել, որտեղ պատկերված Քուրդիաստանի նոր դրամական միավորի վրա Իրանի Արևմտյան Ատրպատական նահանգն ընդգրկված է «Անկախ Քուրդիստանի» կազմում:
Վերջին տարիներին երկրի տարբեր շրջաններից քրդերի մեծ հոսք է տեղի ունեցել դեպի Իրանի Արևմտյան Ատրպատական նահանգ. Դժվար է ասել, թե ավելի քան 3 միլիոն բնակչություն ունեցող այս նահանգի քանի՞ տոկոսն են կազմում քրդերը, սակայն շուրջ 2 միլիոն բնակչություն ունեցող Քորդեստան նահանգի 90%-ը կազմում են քրդերը:
Պետք է նշել, որ էթնիկական խմբերին տրվող իրավունքների առումով տարածաշրջանում թերևս ամենաշահեկան դիրքում գտնվում է Իրանը. Այստեղ յուրաքանչյուր էթնիկական խումբ կոմպակտ ձևով ապրում է համանուն նահանգում: Քրդերը՝ Քորդեստանում, բելուջները՝ Բելուջիստանում, ազարիները՝ Արևելյան և Արևմտյան Ազարբայջաններում, լորերը՝ Լորեստանում, ֆարսերը՝ Ֆարսում և այլն:
Թեև Իրանում պետական լեզուն պարսկերնն է, սակայն ինչպես էթնիկական խմբերը, այնպես էլ կրոնական փոքրամասնությունները մայրենի լեզուն գործածելու հարցում որևէ սահմանափակում չունեն և ազատորեն զբաղվում են իրենց ազգային մշակույթի հիմնահարցերով, ունեն ռադիո, մշակութային կենտրոններ, իրենց մայրենի լեզվով հրատարակվում են գրքեր և այլն:
Մինչ Իրանի իշխանությունները պետական, գիտական և տեղեկատվական դաշտում վերջին տարիներին հետևողականորեն ջանքեր են գործադրում, որպեսզի չեզոքացնեն Թուրքիայի և Ադրբեջանի կողմից արհեստականորեն շրջանառության մեջ դրված «իրանցի ազարիների իրավունքների ոտնահարման» հարցը, կարծես թե աստիճանաբար հասունանում է նաև քրդերի հարցը և իրանցիները ստիպված են լինելու կռվել նոր ճակատում:
Արդեն տևական ժամանակ է, ինչ Իրանի շուրջ բավականին վտանգավոր և լարված անվտանգության միջավայր է ձևավորվել. դատելով Իրանի իշխանությունների գործողություններից՝ արտաքին ուժերի կողմից էթնիկական խմբերի իրավունքների շահարկման առիթները չեզոքացնելու նպատակով էր, որ Հասան Ռոհանին նախագահ ընտրվելուց անմիջապես հետո ձեռնամուխ եղավ Քաղաքացիների իրավունքների մասին օրինագծի մշակմանը, որտեղ ներառված են ինչպես իրանցի էթնիկական խմբերի, այնպես էլ կրոնական փոքրամասնությունների իրավունքները:
Իրանի իշխանությունների՝ էթնիկական խմբերի հանդեպ վարած քաղաքականության էությունը պատկերավոր արտացոլված է Հասան Ռոհանիի՝ վերջերս արած հետևյալ հայտարարության մեջ. «Իրանը թյուրքի, բալուչի, արաբի, ֆարսի կամ լորի կառավարություն չունի, մենք Իրանի կառավարություն ունենք: Իրանը մեկ ընդհանուր հովանոց է, որի տակ բոլորը հավաքված են, Իրանն ունի մեկ սահմանադրություն, մեկ կառավարման համակարգ, մեկ վալի ֆաղիհ (հոգևոր առաջնորդ): Մեզ համար կարևոր է, որ յուրաքանչյուր իրանցի այդ մեկ ընդհանուր հովանոցի տակ պարծենա իր «իրանականությամբ» և Իրանի Իսլամական Հանրապետությամբ: Լորը, թյուրքը, ֆարսը, արաբը՝ բոլորը ծաղիկներ են, միայն նրանց գույներն են տարբեր: Իրականում այդ էթնիկական միավորներն Իրանի ծաղկաստանի (գոլեսթան) բազմազան ծաղիկներն են»:
Արմեն Իսրայելյան, իրանագետ