Ուկրաինան փաստեր ունի, որ ինքնաթիռը ոչնչացրել են անջատողականները` ՌԴ տրամադրած զենքով. Դեսպան
Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադարձավ հուլիսի 17-ին խփված մալազիյական Boeing-ին` հայտարարելով, որ ավիավթարից հետո Ուկրաինայի պաշտոնական անձինք չեն կարողացել մոտենալ տարածքին, որտեղ ընկել է ինքնաթիռը, քանի որ դա թույլ չեն տվել անջատողականները: Նա կարծիք հայտնեց, որ անջատողականները խոչընդոտել են Ուկրաինայի կառավարության և այլ պետությունների ներկայացուցիչների մուտքը տարածք միտումնավոր, որպեսզի ավիավթարից հետո հասցնեն թաքցնել ինչ-որ հետքեր:
«Կարծում եմ դա է եղել պատճառը, որ ոչ ոք առաջին ժամերին մոտենալ տարածքին չի կարողացել: Անջատողականները ինչ-որ բան էին թաքցնում»,- հայտարարեց Ուկրաինայի դեսպանը` հավելելով, թե Ուկրաինան ունի փաստեր, որ ինքնաթիռը ոչնչացրել են անջատողականները ՌԴ տրամադրած զենքով:
Նրա խոսքով, անջատողականները ունեն զենք ու զինամթերք, որը ստանում են Ռուսաստանի տարածքից և ոչ միայն զենք, այլև ժամանակակից կետային զինատեսակներ. «Սա գիտեն բոլորը, այդ թվում և միջազգային հանրությունը, քանի որ պարսատիկով չեն կարող անջատողականները ինքնաթիռներ խփել»:
Դեսպանի խոսքով` մի անգամ չէ, որ ծայրահեղականները սոցիալական ցանցերում «գլուխ են գովացել», որ ուկրաինական ինքնաթիռներ ու ուղղաթիռներ են խփել, բայց այս դեպքում անմիջապես հայտարարեցին, թե դա իրենք չեն, մալազիական բոինգի հետ կապ չունեն, այլ ուկրաինացիներն են այն խփել. «Բոլորը գիտեն, որ անջատողականները թե ֆինանսապես, թե սպառազինության իմաստով ստանում են Ռուսաստանի աջակցությունը»:
Դեսպան Կուխտան, խոսելով անջատողականների մասին նաև օգտագործեց ահաբեկիչներ եզրույթը, որից հետո լրագրողը հետաքրքրվեց` սա նշանակում է, որ Ռուսաստանը վերածվել է ահաբեկչությունը ֆինանսավորող երկրի՞. «Նրանք պետք է ճանաչվեն միջազգային ահաբեկիչներ: Ռուսաստանը այն պահին օգնում, սպառազինում է անջատողականներին»: