Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի. Ջ. Ուորլիք
Հուսով ենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները կընդունեն Փարիզում հանդիպելու առաջարկը: Ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Մենք մտահոգված ենք Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, ինչպես նաև շփման գծում ամեն մի նոր կորստի գրանցման կապակցությամբ: Միջադեպերը քանակը, որոնք զոհերի և վիրավորների պատճառ են դառնում, հետընթաց է մեր ջանքերում, որորնք միտված են կայուն խաղաղության փնտրտուքի շուրջ համատեղ աշխատելուն»:
Համանախագահը նշել է, որ ԱՄՆ-ն և ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահող երկրները պատրաստ են Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում աջակցել կողմերին և այն չունի ռազմական լուծում:
«Համանախագահները ցանկանում են Բրյուսելում հանդիպել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հետ հետագա հարցերը քննարկելու համար: Մենք հուսով ենք, որ նախագահները կընդունեն Փարիզում հանդիպելու առաջարկը: Երբ նոյեմբերին նախագահները հանդիպեցին Վիեննայում, մենք ականատես եղանք, որ առաջընթացը հնարավոր է: Մենք հավատում ենք, որ այդ քննարկումների շարունակականությունը կդառնա կարևոր քայլ դեպի առաջ՝ խաղաղության վերականգնման ուղղությամբ: Համանախագահները պատրաստ են օգնել ամեն կերպ»- հավելել է Ջ. Ուորլիքը:
Հիշեցնենք, որ այսօր ամերիկացի համանախագահը իր Twitter-ի իր միկրոբլոգում հաղորդագրություն է տեղադրել` տեղեկացնելով, որ Բրյուսելում սպասում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարների հետ հանդիպմանը և հավելել, որ ձգտում են կարգավորել հակամարտությունը բանակցությունների միջոցով: